Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1000 դրամ՝ աշխատող քաղաքացուց զինվորին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
artem

Զոհված զինծառայողների ընտանիքները եւ վիրավորված զինծառայողները կստանան ապահովագրավճարներ: Կառավարությունն այսօր ընդունեց Պաշտպանության նախարարության առաջարկած օրենքի նախագիծը:  Վիգեն Սարգսյանը մանրամասն ներկայացրեց, թե որ դեպքում, որքան գումար է հատկացվելու ապահովագրավճարի տեսքով զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին: «Այս նպատակով պետք է ստեղծվի հիմնադրամ, որի կողմից հատուցումներ վճարելու համար անհրաժեշտ դրամական միջոցները կձևավորվեն յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ գումարի չափով վճարվող դրոշմանիշային վճարներից»,- նշեց նախարարը: Կառավարության նիստից հետո, այս հարցին անդրադարձավ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը. «Հիշում եք՝ ապրիլյան դեպքերից հետո կային որոշակի ոչ համակարգված աշխատանքներ, մասնավորապես, զոհվածների կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների երաշխիքների տրամադրման հետ կապված: Այս համակարգի ներքո բոլոր խնդիրներին, որոնց ժամանակին առնչվեցինք եւ քննարկեցինք, համակարգային լուծում է տրվում եւ հասարակության կողմից ընդունելի լուծում կլինի»: Հարցին, թե արդյո՞ք քաղաքացիների վրա ավելորդ բեռ չի դառնում պարտադիր 1000-ական դրամների վճարումը նախարարը պատասխանեց. «Նվազագույն աշխատավարձ ստացողների դեպքում այդ բեռը քաղաքացու վրա չի ընկնի, իսկ մնացածը պետք է վճարեն 1000 դրամի չափով»: Ինչո՞ւ կառավարությունը այդ գումարը չի տրամադրում բյուջեից ու վերցնում է քաղաքացիներից, այնինչ գումար կարողանում է հատկացնել ճոխ գործուղումների համար. «Ես կարծում եմ, որ համակարգը, որը ներկայացվում է, լիարժեք գործող համակարգ է դառնում, որի խնդրի առկայության մասին նաեւ դուք եք առաջին հերթին բարձրաձայնել»: Անդրադառնալով այն տեսակետին, թե այդ գումարները կարելի՞ էր հավաքագրել պաշտոնյաների աշխատավարձներից, Արտեմ Ասատրյանը  ասաց. «Դա նույնպես մոտեցում է, որը կարող է  քննարկման առիթ դառնալ»: