Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թրամփը պատմել է Վլադիմիր Պուտինի «հիասքանչ» նամակի մասին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
putin-trump

Դոնալդ Թրամփն առաջիկայում հեռախոսազրույց կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտարարել է ինքը՝ ԱՄՆ նորընտիր նախագահը։ Wall Street Journal-ին տված հարցազրույցում Թրամփը հաղորդել է, որ «հիասքանչ» նամակ է ստացել Վլադիմիր Պուտինից, նաև ավելացրել՝ առաջիկայում հեռախոսազրույց է պլանավորված։ BBC-ի ռուսական ծառայությունը հիշեցնում է՝ Պուտինն առաջիններից էր, որ շնորհավորեց Թրամփի հաղթանակը։ Նոյեմբերի 9-ի առավոտյան նախագահի պաշտոնում Հանրապետական թեկնածուի ընտրվելուց հետո ՌԴ նախագահը նրան հաղորդագրություն ուղարկեց։ Կրեմլի հաղորդմամբ՝ ուղերձում ռուս նախագահը հույս է հայտնել միասնական աշխատանքի արդյունքում ռուս-ամերիկյան հարաբերությունները դուրս բերել ճգնաժամային վիճակից, ինչպես նաև անդրադառնալ միջազգային անվտանգությանն սպառնացող հարցերին։ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը Թրամփի հետ շփումների մասով հայտարարություններ է արել։ Նա նախ հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահը չի պլանավորում որևէ կերպ կոնտակտի մեջ մտնել Հանրապետական Դոնալդ Թրամփի հետ՝ մինչ նրա կողմից պաշտոնական լիազորությունների ստանձնումը։ Մեկ այլ առիթով Պեսկովն ասել է, թե իրենք շարունակում են աշխատել ԱՄՆ նախագահի գործող ադմինիստրացիայի հետ, իսկ նոր նախագահից սպասում են կառուցողական ազդանշանների։ «Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տարբերություններն անխուսափելի են։ Բայց գլխավորը՝ պետք է քաղաքական կամք դրսևորել և բոլոր խնդիրները լուծել երկխոսության ճանապարհով»,- ասել է Պեսկովը։ Նախընտրական շրջանում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հաղթանակի պարագայում Ռուսաստանի հետ հարաբերությունները կբարելավվեն։ 2015-ի հուլիսին նախագահի պաշտոնում իր առաջադրման ժամանակ Թրամփն ասել էր հետևյալը. «Կարծում եմ, որ Վլադիմիր Պուտինի հետ հիանալի հարաբերություն կունենամ»։ ԱՄՆ-Ռուսաստան խոստումնալից հարաբերությունների ֆոնին որոշակի անհանգստություն է նկատվում եվրոպացի պաշտոնյաների մոտ։ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը անսովոր հայտարարություններ է արել՝ ասելով, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի ընտրությունն սպառնում է ԱՄՆ-ի և Եվրամիության հարաբերություններին։ «Մենք պետք է ընտրված նախագահին սովորեցնենք, թե ինչ է Եվրոպան և ինչպես է նա աշխատում»,- Ժան-Կլոդ Յունկերի խոսքը փոխանցում է Ռոյթերս գործակալությունը։ Եվրոպացի մյուս առաջնորդներն ավելի դիվանագիտորեն են արտահայտվում Թրամփի մասին, հիմնականում նշելով, որ սպասում են նրա հետ առաջիկա աշխատանքին։   Պուտին – Թրամփ սպասվող ջերմ հարաբերությւոններին եվրոպացիները խանդով են նայում։ Դա հատկապես վերաբերում է Ռուսաստանի հետ հին հաշիվներ ունեցող երկրներին։ Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի փողոցներից մեկի պատին անգամ այսպիսի գրաֆֆիտի է հայտնվել՝ տես հրապարակման լուսանկարը։