Ֆրանսիական ծրագիր՝ երևանյան ունկնդրի համար (տեսանյութ)
Արամ Խաչատրյանի անվան 4-րդ միջազգային փառատոնի հերթական համերգին, այսօր, երևանյան ունկնդիրը կվայելի ֆրանսիական ծրագիր։ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ կհնչեն Կլոդ Դեբյուսիի Ծովը և Ժան Ֆրանսեի Կլարնետի կոնցերտը, որն ի դեպ Հայաստանում կկատարվի առաջին անգամ։ Մենակատարը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի առաջին կլարնետահար Դավիթ Գյուլամիրյանն է։ Գյուլամիրյանի խոսքով այս կոնցերտը տեխնիկապես բարդ գործ է և սա է պատճառը, որ այն քիչ է կատարվում։ «Ուրախ և հպարտ եմ»,- ասում է կլարնետահարը, «քանի որ սա շանս է, որ ընձեռվում է ոչ բոլորին»։ Ի դեպ, բացի հիմնական նվագախմբից, երիտասարդականը ելույթ է ունենում նաև կամերային անսամբլային կազմերով, այդ թվում «Աբգար Մուրադյանի» անվան դուետը՝ ի դեմս դաշնակահար Լիլիթ Զաքարյանի և կլարնետահար Դավիթ Գյուլամիրյանի, ում բախտ է վիճակվել լինել Հայաստանի վաստակավոր արտիստ Աբգար Մուրադյանի սանը։