«Հասարակական վստահության պակաս չկա»
ԱԺ-ում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի համատեղ նիստի ընթացքում ՀՀԿ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննարկում են ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական խնդիրներ, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային փուլում ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ՝ սահմանին առկա իրավիճակը։ «Այդ համատեքստում կքննարկվեն հայ եւ ռուս խորհրդարանականների համագործակցությամբ ներկայացվելիք մի շարք խնդիրներ։ Նման քննարկումները կարեւոր են խորհրդարանական տարբեր հարթակներում, որպեսզի կարողանանք մեր ուշադրությունը պահել անվտանգային խնդիրների վրա, ինչպես նաեւ՝ ՌԴ Դաշնային խորհրդի անդամները միջազգային պատվիրակություններում իմանան՝ ինչ խնդիրների վրա իրենց ուշադրությունը դարձնեն»։ Նա ընդգծեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում հիմնական շեշտադրումը լինելու է խաղաղ կարգավորման, ռազմական էսկալացիայի բացառման, անժամկետ գործող 1994-95թթ. համաձայնագրի պահպանման անհրաժեշտության վրա, ինչպես նաեւ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման անհրաժեշտությունները. «Անդրադարձ կլինի նաեւ Հարավային Կովկասից դուրս այլ երկրներում անվտանգության խնդիրներին, քանի որ հայկական համայնքի հետ կապված մենք ունենք խնդիրներ»։ ՀՀ Զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսի որոշ զորամասերի՝ ՌԴ զինված ուժերի համատեղ աշխատանքները եւս կքննարկվեն այս նիստի ընթացքում։ Արդյո՞ք ՀՀ կողմին չի մտահոգում այն, որ զինված ուժերի այս համատեղ աշխատանքը հասարակական վստահություն չունի, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Հասարակական վստահությունը եկեք չքննարկենք, ոչինչ էլ չի պակասում, ոչ մեկն էլ չի կարող այն չափել։ Մեր ռազմավարական գործընկերոջ հետ պետք է փոփոխվող աշխարհում ի հայտ եկող նոր սպառնալիքներին դիմակայելու համար միասին պետք է գտնենք դրանց լուծումները»։