«Էլեկտրաէներգիան թող չէժանանա, թե չէ Աստված գիտի ինչքան դրա դիմաց կվերցնեն»
«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ինչու է ազգ-բանակ կոնցեպցիան սկսում հազար դրամից. «Այս հարցի պատասխան չլինելը բերում է դիցաբանության՝ Աստված կպատժի կամ ով ուտի՝ շան տղա է»,- ասում է նա: Ըստ Արամ Կարապետյանի Կարեն Կարապետյանի գալուց հետո ոչինչ էլ չի փոխվել: Ավելին, նա մտավախություն ունի, որ ամեն ինչ ավելի վատ կլինի. «Ես հասկանում եմ, որ գազը իջեցնում են տեղը հազար դրամ են հավաքում: Ես ինքս ինձ ասում եմ՝ Աստված տա էլեկտրաէներգիան չէժանանա, թե չէ Աստված գիտի ինչքան դրա փոխարեն կվերցնեն»: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը նույնպես մտահոգված է։ Նա կարծում է, որ եթե այսպես շարունակվի, ապա շուտով եւս մի քանի հազար դրամներ են գանձելու ժողովրդից, բայց դա, ըստ տնտեսագետի, այն թեման չէ, որ պետք է քննարկվի. «Մենք դրանից ենք խոսում, բայց չենք ասում, որ երկիրը սոցիալական առումով գոյություն չունի, վխտում է կոռուպցիան, կորելու գործընթացում ենք, ինչո՞ւ ենք խոսում հազար դրամից, ես մտածում եմ վաղը երկիր ունենալու մասին»: Դրա փոխարեն, Վարդան Բոստանջյանը առաջարկում է պայքարել ամբողջական փոփոխությունների համար. «Պետք է ասել, թողեք հեռացեք մեր երկրից, էնպիսի մարդիկ թող գան, որ կսիրեն մեր երկիրը: Գան մարդիկ, որ չբռնաբարեն ու չթալանեն մեր երկիրը ու երկիրը կդառնա երկիր»: