Հայաստանի տնտեսությունն արմատական փոփոխության կարիք ունի. Կ. Կարապետյանը՝ Bloomberg-ին. Առավոտ
Հայաստանի տնտեսությունը «արմատական փոփոխությունների» կարիք ունի: Այս մասին Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարչապետը նշել է, որ իրենք «առաջարկում ենք հնարավոր ամենաարագ փոփոխությունները. կոռուպցիայի դեմ պայքար՝ բյուրոկրատիայի կրճատման ճանապարհով, և պետական ֆոնդի հիմնում՝ ձեռնարկատիրության աջակցության նպատակով»: «Գործարարությունը չպետք է խոչընդոտվի կոռումպացված պաշտոնյաների կողմից, որոնք ձգտում են դրամական փոխհատուցում ստանալ վարչական որոշումների կայացման դիմաց, կամ գերիշխող մրցակցային դիրքում գտնվող տնտեսավարողների կողմից, որոնք, օգտագործելով իրենց քաղաքական կապերը, փորձում են սահմանափակել ազատ մրցակցությունը»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ իրենք պատրաստվում են ստեղծել հավասար և ազնիվ մրցակցային դաշտ: Գործակալությունը հիշեցնում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանին նշանակելով Հովիկ Աբրահամյանին փոխարինող, նրան անվանել էր «փոփոխությունների խորհրդանիշ»: Գործակալության հետ զրույցում ՀՀ վարչապետը հիշեցրել է, որ երկրի արտաքին պարտքը կազմում է 5.8 մլրդ դոլար, այն դեպքում, երբ երկրի ՀՆԱ-ն կազմում է 10 մլրդ դոլար և 2017թ.-ին 3.2% աճը չի կարող ապահովել կենսամակարդակի կտրուկ բարելավում: «Մենք ունենք նաև արտաքին պարտք, որն աճում է ավելի արագ, քան ՀՆԱ-ն և մեր ստացած եկամուտները»,- ասել է Կարեն Կարապետյանը: Նա նշել է, որ պետական եկամուտների կոմիտեի ղեկավարության և հարկային օրենսգրքի փոփոխություններն ուղղված են թափանցիկության ավելացմանը, և իրենք թույլ չենք տա գերիշխող մրցակցային դիրքում գտնվող խաղացողներին ճնշել մրցակցությունը` ի հաշիվ իրենց ունեցած վարչական լծակների: Նրա խոսքով՝ ոչ ոք անձեռնմխելի չէ, ոչ էլ՝ արտոնյալ: Վարչապետը նաև ասել է, որ կենտրոնանալով արագ փոփոխությունների վրա՝անհրաժեշտ է միաժամանակ ձևավորել խորհրդատվական խումբ՝ ներառելով նաև արտասահմանյան մասնագետների: «Անհրաժեշտ է ուղեղների գրոհ՝ հասկանալու համար, թե ինչպես կարող ենք զարգացնել երկիրը երկարաժամկետ հեռանկարում, ներառյալ հարկային փոփոխությունները, առողջապահությունը, կրթությունը և գյուղատնտեսությունը»,- ասել է նա: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով