1500 դոլար վճարելուց հետո՝ 20-30 տարի կարելի է անվճար էլեկտրաէներգիա ունենալ (տեսանյութ)
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր հրավիրված ասուլիսում կոչ արեց բնակչությունը տեղադրել արեւային ֆոտովոլտային կայաններ։ Այդ կայանների մասսականացման համար նախատեսվում է ծրագիր մշակել։ «Մենք ուզում ենք դնել արտադրություն՝ սպառման կետերում։ Մարդը իրեն ոչ թե պետք է հարց տա, իմաստ ունի տեղադրել կայանը, թե ոչ, այլ պետք է հարցնի՝ իմաստ ունի՞ կայանը չտեղադրել»։ Նախարարի տեղակալը դրանց արդյունավետությունն իր օրինակով է ներկայացնում։ Իր բնակարանում արդեն տեղադրել է արեւային կայան եւ արդեն 2.5 ամիս է իր սպառած էլեկտրաէներգիան ինքն է արտադրում։ «Դիմել եմ լիզինգի, լիզինգով տեղադրել են, այսինքն՝ նախնական ներդրում չի պահանջում։ Այն գումարը, որ ես պետք է ամսական վճարեի հոսանքի համար, պարզապես վճարում եմ լիզինգի համար»,-ասաց նա, հավելելով, որ ստացվում է , որ 1500 դոլար մեկ անգամ վճարելուց հետո շուրջ 20-30 տարի ունենում է անվճար էլեկտրաէներգիա։ «Մինչեւ երեխայիս ծնվելը մեր էներգետիկ ծախսերը 2 անգամ քիչ էր։ Ամեն ընտանիքի համար այս ցուցանիշը տարբեր է։ Միջինում բնակիչները ամսական սպառում են 200-250 կիլովատ։ Տարեկան ցուցանիշը հասնում է 2400 կիլովատ /ժամի։ 2400 կիլովատ/ժամ ապահովելու համար անհրաժեշտ է 1.5 կիլովատ հզորության արեւային պանել»,-ասաց նա, հավելելով, որ այդ հզորության պանելի արժեքը ներկայումս տատանվում է 1000 դոլարի սահմաններում։ Ընդ որում՝ վերջին մի քանի ամսվա ընթացքում 5 անգամ արժեքը նվազել է։ «Լրացուցիչ մարտկոցների պահանջարկ չկա, քանի որ ՀԷՑ-ը պարտավորվում է ձեր արտադրած էլեկտրաէներգիան գնել, այսինքն՝ ցերեկը արտադրած էլեկտրաէներգիան տալիս եք ցանցին, գիշերը հետ եք վերցնում, ցանցը ձեզ համար մարտկոց է դառնում։ Սա կարեւոր է, քանի որ մարտկոցների ներդրումը 50 տոկոսով թանկացնում էր գինը։ Նա տեղեկացրեց նաեւ, որ կայանի տեղադրման դեպքում բնակիչը ՀԷՑ-ի հետ պայմանագիր է կնքում, պայմանագրի ձեւը ֆիքսված է Հանրային ծառայությունները կարգավորող հանրաժողովի կողմից եւ ՀԷՑ-ը չի կարող մեկի հետ կնքել, մյուսի հետ՝ ոչ ։ «Եթե կայանը տեխնիկական պայմաններին համապատասխանում է։ ՀԷՑ-ը հաշվիչ է տեղադրում, որը ֆիքսում է, որքան տվեցիք, որքան վերցրեցիք։ Եթե տվել եք 150, բայց սպառել եք 200 կիլովատ/ ժամ, ապա վճարում եք 50 ի համար, եթե հակառակը, ապա ՀԷՑ-ն է ձեզ վճարում։ Սակայն ՀԵՑ-ը վճարում է տարեկան կտրվածքով եւ նրա սակագինը 23 դրամ է»,-ասաց Հ. Հարությունյանը։ ։