«Բակում սկսել էին «Ճպլի» լեզվով խոսել» (տեսանյութ)
Լեզվաբան Լավրենտի Միրզոյանը մտահոգված է՝ նա դեմ է, որ ռուսերենը ՀՀ-ում որպես երկրորդ պետական լեզու հռչակվի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ընդգծեց՝ լեզվի պահպանությունը յուրաքանչյուրիս խնդիրն է ու ՀՀ-ում պաշտոնական լեզուն գրական հայերենն է. «Լեզվի պահպանությունը ազգային անվտանգության խնդիր է այսօր: Օրինակ՝ արեւմտահայերենը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ վտանգված լեզուների շարքում: Աշխարհում 116 լեզու պետական լեզվի կարգավիճակ ունի, որից միայն յոթ երկրում է պետական լեզուն ռուսերենը: Ինչո՞ւ է պաշտոնական Մոսկվայից հայտարարություն հնչում, որ ռուսերենը ԽՍՀՄ նախկին պետություններում պետք է լինի` որպես երկրորդ պաշտոնական լեզու, ու նման հայտարարություն արդեն երկրորդ անգամն է հնչում: Խնդիրն այն է, որ 2025թ. աշխարհում երկու հարյուր քսան ռուսերեն խոսացողները կնվազեն քսան մլն-ով: Դրա համար ուզում են ռուսերենի վարկանիշն ամեն կերպ բարձրացնել»: Ըստ նրա՝ ռուսերենին, որպես երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու համար օրենսդրական բավական մեծ գործընթաց է պետք, առաջին հերթին Սահմանադրական նոր բարեփոխումներ. «Սահմանադրության մեջ այն կետը, որտեղ նշված է, որ ՀՀ պետական լեզուն հայերենն է, ուրեմն պետք է լրացվի՝ նաեւ ռուսերենն է, տողով: Ռուսերենը ՀՀ-ում որպես երկրորդ պետական լեզու դառնալու հնարավորություն չունի, մանավանդ, որ այսօր ՀՀ-ում ռուսերենն ակտիվ օգտագործող չկա: Պետական մտածողությամբ պետք է մոտենալ հարցին: ԱՊՀ երկրներում այսօր հիմնականում ավագ տարիքի մարդիկ են օգտագործում ռուսերենը: Աշխարհում մեկ ու կես մլրդ մարդ էլ խոսում է չիներեն, դե ուրեմն չիներենն էլ դարձնենք պետական լեզու»: Լավրենտի Միրզոյանը, որը նախկինում նաեւ Լեզվի պետական տեսչության պետն էր, համոզված է՝ եթե հանրաքվե լինի, ժողովուրդը չի գնա ու այո ասի ռուսերենին, հատկապես, երբ Սփյուռքի գործոն էլ մեծ է. «Պետք է հիշել Խորհրդային տարիների համայնավարությունը, երբ արդեն կորցնում էինք մեր հիշողությունը՝ ով հայերեն էր խոսում, ասում էին՝ գեղցի է, ով ռուսերեն՝ ինտելիգենտ է: Սակայն, միեւնույնն է,մեր ժողովուրդն իր ինքնագիտակցությունը չկորցրեց: Ռուսաստանի հայերի համար միգուցե դա լավ կլինի, սակայն ՀՀ-ում ռուսերենը պետական լեզվի կարգավիճակ չի ստանա: Դա կնշանակի նույն գործընթացն անցկացնել նաեւ ԼՂՀ-ում»: Ինչ վերաբերում է եթերի անաղարտությանը, ապա պարոն Միրզոյանը նշեց, որ կա պետական լիազոր մարմին՝ Լեզվի պետական տեսչությունը, որը պետք է մարդկանց իրազեկի, որ ՀՀ պետական լեզուն հայերենն է. «Տեսչությունը պետք է իր գործառույթների շրջանակներում արձանագրի լեզվի խախտման դեպքերը, ակտ կազմի և ուղարկի դատարան, որտեղ էլ կսահմանվի համապատասխան տուգանք: Իմ ժամանակ, երբ ես էի տեսչության պետը, ես նման գործընթաց իրականացնում էի, իսկ այս վերջին տարիներին նման բան չեմ տեսել, որ որեւէ պետական պաշտոնյա դատարանում լեզվի խախտման համար պատասխանատվություն կրի: Այն ժամանակ բոլորը ենթարկվում էին օրենքին: Ես անգամ ամփոփագրեր էի ուղարկում ԱԺ ու արդեն հաջորդ նիստի ընթացքում տեսնում էի, որ սխալն ուղղված էր: Համագործակցված աշխատում էինք: Իսկ հեռուստաեթերում էլ ով մաքուր հայերեն էր խոսում, հեռուստահաղորդավարներին մրցանակներ էինք տալիս: Հիշում եմ՝ երբ հոր-նոր էին սկսել հայկական հեռուստասերիալներ հեռարձակելը, երեխաները բակում արդեն խոսում էին, օրինակ, «Ճպլի» լեզվով: Հայերենը զավեշտի լեզու չէ, մինչդեռ այն այսօր զավեշտի ենք վերածել: Օրինակ՝ տեսչությունն ասում է՝ լանգետ մի ասա, ասա՝ հարթամիս ենք կերել, ուրոլոգ՝ միզաբան, գինեկոլոգ՝ կնախտաբան»: