«Ռուսերենը թող իմանան, որ չգնան բերանը կապած սարի անասունի պես նստեն եւ խոսել չկարողանան» (տեսանյութ)
Գրականագետ Դավիթ Գասպարյանը խորհուրդ է տալիս լուրջ չընդունել Ռուսաստանի ԱԳՆ հատուկ կարգադրությունների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովայի այն հայտարարությունը, թե նախկին խորհրդային երկրներում ռուսերենին պետք է հատուկ օրենսդրական կարգավիճակ տալ: «Այդպիսի բանը լուրջ ընդունելը նշանակում է, որ մենք անլուրջ ենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը: Նրա խոսքերով՝ Հայաստանում դա պահանջված լեզու չէ, մեր երկրում ապրող բոլոր ազգային փոքրամասնությունները շատ լավ հայերեն գիտեն, եւ շփման խնդիր չկա. «Այս կարգի մտայնությունները` ինչպես օձը բնում պետք է խեղդել, սպանել, կորչի գնա», - ավելացրեց գրականագետը: Նա միաժամանակ հավելում է, որ ռուսերենը եւ անգլերենը շատ բարձր մակարդակով պետք է ուսուցանվի մեր դպրոցներում: «Որ մեր մարդիկ, պաշտոնյա դառնալով, շատ բարձր պաշտոնյա դառնալով, չգնան կուռկուռի ձագի պես կամ բերանը կապած սարի անասունի պես նստեն եւ խոսել չկարողանան»: Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ ավելացնում է, որ մշակույթը երբեք ագրեսիվ չի լինում: Առավել եւս հզոր ռուս մշակույթը, որովհետեւ ոչ Տոլստոյն է ագրեսիվ, ոչ Դոստոեւսկին, ոչ Չեխովը, ոչ Պուշկինը. «Սա լեզվի հարց չէ, սա էքսպանսիայի հարց է: Երկիրը ընկալել որպես տարածք, բնակչությունը որը ապրում է այս երկրում, սպասարկող անձնակազմ: Թե ինչ է սպասարկում մենք գիտենք, զորամաս, կոմունիկացիաներ: Բա սպասարկող անձնակազմը չիմանա, թե ո՞ւմ է սպասարկում: Եթե մենք ինքներս վարում ենք այնպիսի քաղաքականություն, որ մեր արտաքին քաղաքականությունը զուտ սպասարկող է»,- ավելացրեց Ռուբեն Բաբայանը: Մանրամասները՝ տեսանյութում: