Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ընտանեկան բռնության մասին» օրենքը կկարգավորի նաև ԴԱՀԿ աշխատանքը (տեսանյութ)

Հասարակություն
shushan

Նոյեմբերի 25-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես գենդերային բռնության դեմ պայքարի միջազգային օր, որի շրջանակներում մեկնարկում է 16 օրյա իրազեկման քարոզարշավ։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանում 2016 թվականի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության մասին 373 հաղորդում է ստացվել, որից 7-ը՝ մահվան ելքով։ Կառավարության առաջարկով՝ մշակվել եւ շրջանառության մեջ է դրվել «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը, որը կփորձի լուծել ոլորտում առկա իրավական բացերը։ Թեմայի վերաբերյալ այսօր հրավիրված քննարկման ժամանակ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը նշեց, որ թեեւ գործող օրենքում կան որոշակի դրույթներ ընտանեկան բռնության վերաբերյալ, բայց դրանք ավելի շատ լուծում են բռնության հետևանքները, այլ ոչ պատճառները, այդ իսկ պատճառով հասարակական կազմակերպությունների առաջարկով որոշվեց առանձին օրենք մշակել. «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ արդարադատության նախարարարությունները կառավարության կողմից ստացան հանձնարարություն՝ մշակել առանձին օրենք՝ ընտանեկան բռնության մասին։ Այն արդեն դրվել է շրջանառության մեջ, բաժանվել է բոլոր նախարարություններին, եւ այժմ քննարկումներ են գնում»։ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Արամ Վարդևանյանը քննարկումից հետո լրագրողների հետ առանձնազրույցում նշեց, որ առավել կարևոր են ընտանեկան բռնության այն դեպքերը, երբ կան երեխաներ։ «Այստեղ կարևոր է ԴԱՀԿ ծառայության աշխատանքը։ Անձամբ հետևողական եմ լինելու, որ օրենքի շրջանակներում անդրադառնանք նաեւ այս խնդրին՝ ԴԱՀԿ ծառայության միջոցով երեխայի խնամքը մի ծնողից մյուսին հանձնելու մասով։ Պարզապես այստեղ կան մի քանի պատճառներ, օրինակ, երբ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցը, տեսնելով երեխայի զգայական վիճակը, պարզապես չի կարողանում կատարել իր ծառայողական պարտականությունները։ Բայց մենք առաջնորդվելու ենք օրենքով՝ դատարանի՝ ուժի մեջ մտած որոշումը պետք է կատարվի՝ անկախ նրանից՝ կլինեն գոռգոռոցներ, ծանր հոգեբանական իրավիճակներ, թե ոչ»,-ասաց Վարդևանյանը՝ նշելով, որ արդեն երկու երեխայի դեպքով կարողացել են կարգավորել իրավիճակը։ Քննարկմանը ներկա՝ ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուըրթն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնությունն անընդունելի է։ «Ինձ ասել են, թե բռնությունը հայկական մշակույթի մի մասն է, որ տղամարդիկ ցույց տան իրենց ուժը կանանց եւ աղջիկների նկատմամբ։ Բայց, հաշվի առնելով վիճակագրությունը, ըստ որի՝ Հայաստանում կանանց 2/3-ը բռնության չի ենթարկվում, կարծում եմ, որ դա բոլորովին էլ մշակույթի մաս չի կազմում եւ ընդունելի չէ»։