«Ռուսերենին մեռած լեզվի ապագա է սպասվում» (տեսանյութ)
«Լևոն Մկրտչյանին խորհուրդ կտամ Դաշնակցության ներսում ռուսերենն ընդունել որպես պետական լեզու եւ ամեն օր ռուսերենով անցնել 1920 թվականի հայոց պատմությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ռուսերենը ՀՀ երկրորդ պետական լեզու ընդունելու գաղափարի մասին, ասաց գրող Վահրամ Մարտիրոսյանը։ Նրան բարկացրել էր օրերս ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանի արած հայտարարությունն այն մասին, թե խոսքը չի վերաբերում ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելուն, այլ այն առավել խորացված անցնելուն. «Թող կարդան ու տեսնեն, թե այդ ժամանակ ինչպես էր 11-րդ կարմիր բանակը ադրբեջանցիների հետ ձեռք ձեռքի բռնած Հայաստանում տարածք-տարածքի հետևից գրավում, թե ինչպես քայքայեցին Կարսի պաշտպանությունը եւ այլն»,-նշեց նա։ Վահրամ Մարտիրոսյանի խոսքով՝ այսօր Հայաստանում ռուսերենն արդեն իսկ ունի երրորդ լեզվի կարգավիճակ. «Նախկին խորհրդային երկրներից ոչ մեկում այսքան ազատ սփռում չունեն ռուսական ալիքները, որքան Հայաստանում։ Նաեւ կաբելային փաթեթներում, որը կանոնակարգված չէ, եւ, օրինակ, «Յուքոմում» երկու հատ «Ռոսիա» ալիք կա իրար հետևեից։ Բացի դա, եկեք հենց հիմա գնանք «Մոսկվա» կինոթատրոն, տեսնենք՝ որևէ ֆիլմ կա՞, որ ռուսերենով չի ցուցադրվում ։ Այդպիսի ազատություն, այդպիսի շռայլություն, որ ցուցաբերվում է ռուսերենի հանդեպ, ուրիշ ոչ մի տեղ չկա»։ Բանախոսը նշեց, որ ՌԴ նկրտումները՝ ռուսերենը հնարավորինս շատ տարածելու հարցում, դատապարտված են տապալման. «Ռուսերենը հին հունարենից ավելի զարգացած լեզու չէ եւ ավելի մեծ մշակույթ չի կրում, բայց այսօր հունարեն քանի՞ հոգի է խոսում։ Լատիներենը, որի իշխանությունը տևել է 1500 տարի, ո՞վ է խոսում հիմա լատիներեն։ Թող իմանան, որ այդ կայսերական լեզուներին մեռած լեզուների ապագա է սպասվում»։ Այնուամենայնիվ, Վահրամ Մարտիրոսյանը հորդորում է զգույշ լինել. «2013 թվականի սեպտեմբերի 3-ից մեկ օր առաջ մենք շատ հանգիստ նստած էինք, մեկ էլ Սերժ Սարգսյանին կանչեցին Մոսկվա և ստորագրել տվեցին մի փաստաթուղթ, որի պատճառով մենք հայտնվել ենք մի շատ ապուշ իրավիճակում՝ վատ կառավարման համակարգով, վատ տնետեսությամբ պետությունների միության մեջ»։ Քննարկմանը ներկա՝ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ հավելեց, որ ռուսերենը որևէ հատուկ կարգավիճակ չի կարող ունենալ, մեզ մոտ դրա անհրաժեշտությունը չկա։ «Քողարկված դիմադրություն կա նաեւ իշխանության մեջ, քանի որ իշխող էլիտայի մեծ մասը ռուսերենին չի տիրապետում եւ զուտ իրենց կարիերայի շահերից ելնելով չեն ցանկանա, որ ռուսերենը պարտադրված լինի»։