Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեղմացումներ՝ «Կուսակցությունների մասին» օրենքում (տեսանյութ)

Քաղաքականություն
arpine-3

ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է նաեւ «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացնում է Արդարադատության նախարար Ափինե Հովհաննիսյանը: Նա նշեց, որ մեղմացնող մեխանիզմներ են ստեղծվում: Օրինակ՝ փոփոխվել է կուսակցության ստեղծման համար պարտադիր համարվող թվաքանակը. «Այժմ գործում է այն կարգավորումը, որ գրանցման պահին կուսակցությունը պարտադիր պետք է  ունենա երկու հարյուր անդամ, իսկ վեց ամսվա ընթացքում աճի ու թվաքանակը հասցնի երկու հազարի: Կարծում եմ՝ այս կարգավորումը ճիշտ չէ, քանի որ ժողովրդավարական երկրներին բնութագրող ձեւաչափով չէ: Թվաքանակի ստուգումը կամ պետության կողմից վերահսկողական մեխանիզմների կիրառումը այնքան էլ ճիշտ չէ: Նախագծով առաջարկում ենք հիմնադիր համագումարի ժամանակ ունենալ հարյուր անդամ, իսկ վեցամսյա ժամկետում, գրանցման ժամանակ՝ հազար անդամ: Սա մեղմացում է: Որեւէ մեկը այսպիսով չի միջամտելու կուսակցության գործունեությանը»: Ըստ նախարարի՝ այս մեղմացումները բխում են նաեւ Վենետիկի հանձնաժողովի պահանջներից. «Պետությունը չէ, որ պետք է գնահատի կուսակցության կենսունակության ու քաղաքական դաշտում նրա դերի մասին»: Հաջորդ փոփոխությունը վերաբերում է կուսակցության ստորաբաժանումների ստեղծմանը. «Գործող օրենքով կուսակցությունը գրանցումից վեց ամիս անց պետք է ստեղծի տարածքային ստորաբաժանումներ: Այժմ առաջարկում ենք երեք տարբերակ՝ ստորաբաժանում պետք է ունենա կամ Երեւանում կամ մարզերի մեկ երրորդում կամ Երեւանն ու մարզերը միասին վերցրած մեկ երրորդով ապահովել ծածկույթ հանրապետության ողջ տարածքով»: Ինչ վերաբերում է կուսակցության գրանցմանը, ապա նախարարի խոսքով, այն մերժվում է, եթե կուսակցության կանոնադրությունը չի համապատասխանում օրենսդրության պահանջներին. «Սակայն դա չի նշանակում, որ հետ է վերադարձվում նաեւ գրանցման դիմումը. դա լինում է միայն այն դեպքում, երբ կա օրենսդրության հետ կապված խնդիր: Ինչու եմ սա ասում, քանի որ այս դրույթը շատ է շահարկվել՝ ասվելով, թե դա  քաղաքական հետապնդում է, կամ պատվեր: Այժմ մերժման համար նշվում են բացառիկ հիմքեր, որոնք հիմնված են Սահմանադրության վրա: Մերժվում է գրանցումը, եթե կուսակցության կանոնադրության մեջ նշված է եւ քարոզվում է սահմանադրական կարգի բռնի տապալում, հիմնադիրների թիվը չի համապատասխանում օրենսդրությանը կամ համագումարում որոշում չի ընդունվել կուսակցություն ստեղծելու մասին: Բացի այդ, այժմ վեց ամսից երեք ենք դարձրել համագումարից հետո գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետը»: Իսկ համագումարի անցկացման պարբերականությունն Արփինե Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ գործող օրենսդրությամբ պարտադիր էր երկու տարին մեկ անգամ, սակայն այժմ կան տարբեր առաջարկներ, որոնց հիման վրա այս ժամկետը ենթակա է փոփոխման: Նա նաեւ նշեց, որ այսօր ՀՀ-ում կա 79 կուսակցություն. «Հիմա կասեք՝ շատ է մեզ համար, պետք է խստացնել պահանջները, սակայն կարծում եմ, որ ոչ»: