Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր»-ի անդամին դատարանը մերժեց

Հասարակություն
uXwx4_nNhHI

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթեւոսյանը այսօր մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանի բողոքը: 26-ամյա   Թաթուլ Թամրազյանը եւ նրա պաշտպանը դատարանում բողոքարկում են քննիչի անգործությունը: Նա հուլիսի 17-ից ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ վիրավորվել է եւ մինչեւ օգոստոսի 6-ը առանց կարգավիճակի գտնվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Մինչդեռ նախաքննական մարմինը չի թույլատրել հարազատներին  տեսակցել նրա հետ եւ նույնիսկ հեռախոսազանգ ունենալ: Նրանց գործողություններին գնահատական չի տրվել. «Բոլոր դեպքերում նախաքննական մարմնի գործողությունները ոչ իրավաչափ էին»,- «Ա1+»-ին ասաց պաշտպան Մոնիկա Մարգարյանը: Նա դատական ակտը դեռ չի ստացել՝ առավել մանրամասն ծանոթանալու  համար: Այսօրվա դատական նիստին Թաթուլ Թամրազյանը ցանկություն չէր հայտնել ներկա գտնվելու: Իսկ երեկ նա  հրաժարվեց դատավորի հարցերին կանգնած պատասխանել: Նա դատավորին ասաց, որ եկել է դատարան, ոչ թե դատական նիստին ներկա գտնվելու, այլ եկել է ժողովրդին ասելու, որ չպետք է հանձնվել եւ պետք է պայքարել: Հուլիսի 17-ին ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ  հրազենային վնասվածք ստանալուց հետո հեռացրել էին Թաթուլ Թամրազյանի երիկամը: Նա   մեղադրվում է շենք-շինություններ գրավելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու ու այն փոխադրելու մեջ։