Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը դեմ է քննության վերահանձնման գործընթացին (տեսանյութ)

Հասարակություն
levon1

ԿԳՆ-ն մշակել է «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծ: Նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր ներկայացրեց օրենքով նախատեսված կարեւոր փոփոխություններ բուհական համակարգում: Բուհերը պետք է լինեն ապաքաղաքականացված: Այդ իսկ պատճառով «Բարձրագույն կրթության մասին» օրենքում ամրագրվել է՝ բարձրաստիճան պաշտոնյաներն իրավունք չունի լինել բուհերի կառավարման խորհրդի անդամ: Այդ կերպ, ըստ նախարարի, բուհը կազատվի քաղաքական այս կամ այն ուժի ղեկավարումից: «Կուսակցականացումը շատ լավ բան է, քանի որ երբ տվյալ երկիրը քաղաքական մշակույթ չունի, դատապարտված է: Մարդու անհատական իրավունքն է ունենալ կուսակցական պատկանելություն,եւ նա իր քաղաքական ակտիվությունն այդպես պետք է դրսեւորի:Սակայն կառավարման խորհրդի մեջ պետք է չլինեն ոչ թե կուսակցականներ, այլ կուսակցական պաշտոն եւ պետական բարձր պաշտոն զբաղեցնող մարդիկ, որպեսզի բուհը կարողանա  ազատ իր քաղաքականությունն իրականացնել: Բայց դա չի նշանակում, որ համալսարանական հանրույթը պետք է ապակուսակցական լինի, քանի որ դա կնշանակի տվյալ երկրում քաղաքական մշակույթի ոչնչացում»: Նախարարի կարծիքով՝ մենք ուրիշ խնդիր ունենք: «Ճիշտ կլինի, որ ՀՀ-ում գործող կուսակցությունները հստակեցնեն իրենց գաղափարական հենքերը, ասեն, թե իրենք ինչ ուղղության ներկայացուցիչ են, որպեսզի քաղաքական դաշտը վերջապես կայանա»: Նոր օրենքում նախարարը կարեւորում է նաեւ բուհական ինքնավարության ավելացումը. «Փորձել ենք  հնարավորինս բեռնաթափել նախարարության դերակատարումը եւ ձեւավորել ինքնուրույն բուհական համակարգ: Օրենքը ճանապարհ է բացում, որ կառավարման հետ կապված բոլոր հարցերը նախարարությունը իր վրայից բեռնաթափի: Ինքնավարություն ասելով՝  նկատի ունենք, որ բուհերը իրենք իրենց ներսում ունենան կառավարման ժողովրդավարական համակարգ: Այս առումով ՝ օրենքում տարանջատել ենք երկու հասկացություն՝ պրոֆեսիոնալ մենեջեր, դա կլինի ռեկտորը եւ գիտխորհրդի դերակատարության մեծացում, այսինքն՝ իրենք պետք է ակադեմիական որակի համար պատասխան տան, իսկ ռեկտորի ֆունկցիան ընդամենը կառավարման համակարգը կլինի»: «Բարձրագույն կրթության» մասին նոր օրենքով Հայաստանում կձեւավորվի կրեդիտների ամբողջական համակարգ, ինչն, ըստ նախարարի, հնարավորություն կտա ուսանողին ազատ պտտվել երկրի տարբեր բուհերում: Այսօր Հայաստանում գործում է կենտրոնացված ընդունելության համակարգը եւ մեր բուհերում դժգոհում են, որ մասնագիտական կողմնորոշումն այս կենտրոնացված համակարգով, երբեմն ոտնահարվում  է: Նախարարը ուրախությամբ է նշում, որ այս հարցը, օրենքի ընդունմամբ, նույնպես կկարգավորվի. «Պետք է պահենք առաջին հայտի գերակայության սկզբունքը: Այսինքն, եթե երեխան  գրել է կիրառական մաթեմատիկա, գնա հենց  այնտեղ: Չգան տնտեսագիտությունից բարձր միավորներ ստացածները ու դուրս մղեն այն երեխային, որ իսկապես մաթեմատիկոս է ուզում դառնա»: Համալսարանների  շքերթը Հայաստանում ազդում է մասնագիտական որակի վրա, ասում է նախարարը, այդ իսկ պատճառով կհստակեցվի նաեւ համալսարան կոչվելու իրավունք ունեցող հաստատությունների հարցը. «Համալսարան կարող է կոչվել այն ուսումնական հաստատությունը, որը իրականացնում է կրթական ծրագիր՝ առնվազն 4 ոլորտներում: Այսինքն, եթե մի ոլորտով է իրականացնում կրթություն, չի կարող դառնալ համալսարան, կլինի ինստիտուտ կամ ակադեմիա»: Անդրադառնալով բուհերի վարձավճարներին, Լեւոն Մկրտչյանը նշեց, որ դա ոչ թե օրենքի այլ կարգերի խնդիր է: Նախարարությունը բուհերի ռեկտորներին արդեն դիմել է ու խնդրել վարձավճարները հնարավորինս պահել երկրի սոցիալական վիճակին համապատասխան: Սակայն, ըստ նախարարի խնդիրն այստեղ այլ է. «Բուհն ամբողջությամբ կախված է վարձավճարից, շահագրգռված չի լինում առաջադիմության պատճառով որևէ երեխայի  հեռացնել: Նույնիսկ 4-5 անգամ անբավարար ստացած ուսանողին նորից հնարավորություն է տրվում քննության մտնել: Ինձ համար մեկ այլ կարևոր սկզբունք կա, որը մենք օրենքով թողել ենք,որպեսզի հետո կարգավորենք: Պետք է հասնենք նրան, որ Հայաստանում քննությունների վերահանձնումներն արգելվեն, ինչպես եվրոպական լավագույն հաստատություններում: Այսինքն` վերահանձնման գործընթաց աշխարհում չեք գտնի,  ուսանողը բաց թողեց քննությունը, պետք է մյուս տարի նորից գա, վճարի ու անցի»,- նշեց նախարարը: