Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կալանավորված անձանց հանդիպումները չպետք է սահմանափակվեն

Հասարակություն
vaxajamket

Կալանավորված անձանց հանդիպումները ընտանիքի անդամների հետ չպետք է սահմանափակվեն ։ « Սա այնպիսի հարց է, որ վարույթն իրականացնող մարմինն  է որոշում, բայց հարցը լուծելիս մշտապես պետք է ցուցաբերել անհատական մոտեցում: Հաշվի առնել, որ մենք անձին զրկում ենք ոչ թե ընկերոջից կամ որեւէ  երրորդ անձից, այլ հարազատ երեխայից, կնոջից : Դուք պատկերացրեք,  որքան դժվար է այդ անձի համար»,- ասում է Մարդու իրավունքների պաշտպան  Արման Թաթոյանը: Շատ դեպքերում նույնիսկ նախաքննության ավարտից հետո տեսակցությունների արգելքը չի հանվում: Մարդու իրավունքների պաշտպանը կարծում է, որ օրենքով պետք է ավելի հստակեցվեն տեսակցություններն արգելելու հիմքերը:  «Ես այն հատուկ զեկույցը, որ պատրաստում եմ, արդեն խմբագրման փուլում է ՊՊԾ գնդի վրա հարձակումների հետ կապված, եւ այնտեղ հատուկ անդրադարձ կա տեսակցությունների արգելքին եւ կան օրենսդրական փոփոխությունների առաջարկներ»: Իրավապաշտպանների գնահատականներով՝  Հայաստանում չի գործում վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը։ «Ի նպաստ չի դրված եւ չի լուծում վերասոցիալիզացման խնդիրը, զուտ կարծրատիպերով շարժվող կառույց է: Կան որոշակի քրեական հոդվածներ, որոնց վրա չի տարածվում եւ դատապարտվածները չեն կարող մասնակցել: Դա սպանությունն է, առավել ծանր հոդվածները»,- ավելացնում է  Քրեակատարողական հիմնարկներում եւ հաստատություններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի ղեկավար Ռուբեն Սարգսյանը: ՄԻՊ-ին առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստում  Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը ներկայացրեց  մի օրինագիծ, որով  հստակեցվում են վաղաժամկետ ազատ արձակման մեխանիզմները: «Կունենանք մի համակարգ, երբ դատապարտյալը մուտք գործելով պետական հիմնարկ կունենա այն չափանիշները, որով առաջնորդվելու դեպքում իր վաղաժամկետ ազատ արձակման հնարավորությունները մեծ կլինեն: Կլինեն խաղի կանոններ, հստակ չափանիշներ եւ դատապարտյալը իր վարքագիծը կհամապատասխանեցնի   այդ չափանիշներին, որպեսզի կարողանա պատժի կրումից ազատ արձակվել կամ պատիժը փոխարինել ավելի մեղմ պատժատեսակով»: Փոխնախարարն էլ է ընդունում, որ համակարգի գործունեությունը որոշակի խնդիրներ է առաջացրել եւ բարեփոխման կարիք կա:  Քննարկումներից հետո նախագիծը կներկայացվի կառավարություն: