Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խունկ և չարխափան զանգեր՝ ընդդեմ «Ամերիա» բանկի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
akica

Մի խումբ բնապահպաններ այսօր հավաքվել էին «Ամերիա» բանկի գլխավոր մասնաճյուղի դիմաց՝ իրենց բողոքն արտահայտելու բանկի վարած քաղաքականության դեմ: Ակցիայի մասնակիցները հորդորում էին քաղաքացիներին սառեցնել իրենց հաշիվները նշյալ բանկում՝ որպես բողոքի ակցիա՝ ընդդեմ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման համար բանկի տրամադրած խոշոր վարկի: ««Ամերիա» բանկը «Լիդիան Արմենիա» ընկերությանը 24 միլիոն դոլարի ֆինանսավորում է տրամադրում, որպեսզի նա իրականացնի Ամուլսարի հանքի կործանարար ծրագիրը, որ արդյունքում կորցնելու ենք Սևանա լիճը, Ջերմուկը, թունավորելու են Վայոց ձորի, Սյունիքի մարզի հսկայական տարածքներ, դրա համար մենք կոչ ենք անում «Ամերիային», որ ֆինանսավորումը դադարեցնի: Արդեն մի քանի հոգին հենց այդ պատճառով սառեցրել են իրենց հաշիվները բանկում: Շատ մարդկանց բանկը համոզում է, որ դեռ չփակեն, սկսում են համոզել, թե իբր այդ ծրագիրը լավն է կամ քննարկում է գնում, հնարավոր է՝ կասեցնեն, բայց մենք չենք հավատում»,- մեզ հետ զրույցում ասաց Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Անի Խաչատրյանը: Ճակատի անդամ Լևոն Գալստյանն էլ հենց ակցիայի ընթացքում ներս մտավ բանկ և հանձնեց դիմում՝ իր հաշիվը սառեցնելու վերաբերյալ: Բանկի ներկայացուցիչները հրաժարվեցին զրուցել լրագրողների հետ՝ նշելով, թե բոլոր հարցերը բանկին պետք է ուղարկել գրավոր: Ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի Համաշխարհային բանկի շենք, որը նույնպես ծրագրի ֆինանսավորողներից է: Նրանց ընդունեց բանկի ներկայացուցիչը՝  վերցնելով բողոք-նամակը: Այնուհետ բնապահպանները շարժվեցին կառավարության շենք և  նույնպես նամակ հանձնեցին: Ի դեպ, ակցիայի մասնակիցները իրենց հետ խունկ ու չարխափան զանգեր էին բերել, իրենք խոսքով՝ ցրելու համար չար ուժերին: