Թուրքիայում արգելվել է Հայոց եղեռնին անդրադարձած քրդական ամսագրի վաճառքը
ermenihaber.am Թուրքիայում արգելվել է քրդական «Roza» ամսագրի վաճառքը: Թուրքական «Evrensel.net» լրատվակայքի տեղեկացմամբ՝ 2 ամիսը մեկ քրդերեն և թուրքերեն լեզուներով հրատարակվող ամսագիրը իր գործունեության 2 տարվա ընթացքում ընդամենը 10 համար է թողարկել: Թուրքական իշխանությունները դրանցից 4-ի վերաբերյալ վաճառքից հանելու որոշում են կայացրել: Արգելվել է նաև ամսագրի բաժանումը կալանավայրերին: «Roza» ամսագրի դեմ նման սահմանափակումներն իշխանությունները հիմնավորում են «ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն» կատարելու պնդումներով: Ուշագրավ է նաև, որ ամսագրի 6-րդ համարի վաճառքը արգելվել է Հայոց ցեղասպանության թեմայով շապիկի ու հոդվածի պատճառով: Ամսագրի գլխավոր խմբագիր Մեհմեթ Սալիհ Էրշարին, ով ամսագրի վերաբերյալ հետաքննության շրջանակներում արդեն մի անգամ ձերբակալվել ու ազատ է արձակվել, նման սահմանափակումները բնորոշել է որպես քրդերենի և քուրդ ժողովրդի դեմ կառավարության անհանդուրժողականության դրսևորում: