Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սլաքը ճիշտ ուղղությամբ չէ դրված

Հասարակություն
4bb3a3b0ca39ed0590f2d341915b075f

Երեկ ՀՀ ԱԱԾ-ն կաշառք  ստանալու կասկածանքով ձերբակալեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Ա.Ա.-ին: Ինչպես տեղեկանում ենք քաղաքապետարանի պաշտոնական կայքից՝ Տարոն Մարգարյանը ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել նշված վարչության աշխատակիցների հետ, իր դժգոհությունը հայտնել աշխատանքների կազմակերպման և պարտականությունների կատարման հարցում առկա թերացումների վերաբերյալ և վարչության աշխատանքը համարել անբավարար: «Այս տարվա ընթացքում 15 աշխատակիցներ արդեն հեռացվել են աշխատանքից, քանի որ չարաշահել էին մեր և մեր համաքաղաքացիների վստահությունը: Սահմանված սկզբունքները խախտողները միանշանակ պե՛տք է ազատվեն աշխատանքից, այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել: Բայց միայն աշխատանքից ազատումը խնդրի լուծում չէ: Մշակեք վերահսկողության կանխարգելիչ այնպիսի մեխանիզմներ, որոնք առավելագույնս կբացառեն կոռուպցիոն բոլոր ռիսկերը: Կարճ ժամանակահատվածում ակնկալում եմ այնպիսի արդյունքներ, որոնք արմատապես կլուծեն ոլորտում առկա խնդիրները»,-ասել է քաղաքապետը: Սա, մեղմ ասած, բարի ցանկությունների էջից է: Իսկ ո՞վ է պատասխան տալու երևանցիների մեջ արմատացած այն անվստահությանը, երբ բոլորն ասում են, որ քաղաքապետարանը դարձել է կոռումպացված մի կուռ համակարգ, որտեղ գործում է «Մեր դեմ խաղ չկա» սկզբունքը: Ձերբակալված բաժնի պետն ընդամենը քավության նոխազ է, և նրա ձերբակալմամբ հարց չի լուծվի. ինչպես ասում է ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը՝ «Ձուկը գլխից է հոտած»: Դրա խոսուն վկան է այն, որ «Բարև Երևան» խմբակցության անդամները գործի բերումով բազմիցս դիմել են տվյալ վարչության աշխատակիցներին և ստացել հետևյալ պատասխանը. «Թող ինձ վերևներից հրահանգ տան, անեմ»: Այնպես որ, փաստը մնում է փաստ՝ կոռումպացվածներին և համաքաղաքացիների վստահությունը չարաշահողներին մատնացույց անող սլաքն այնքան էլ ճիշտ ուղղության վրա չէ: «Բարև Երևան» խմբակցություն