Մենք համեմատել ենք որոշ կենդանիների՝ որոշ մարդկանց հետ. SOS հաղորդաշարի համահեղինակ (տեսանյութ)
Ոստիկանության ներկայացուցչի՝ իրավաբանական վարչության պետ Հովհաննես Քոչարյանի պաշտոնի փոփոխությունը ազդեց SOS հաղորդաշարի գործով դատավարության ընթացքի վրա: Նա, ինչպես և մյուս երկու ոստիկան հայցվորները չէին եկել դատարան։ 1,5 տարի տեւող դատական նիստն այսօր կրկին հետաձգվեց: Այսօրվա ցուցմունք պետք է տար հաղորդման համահեղինակ Հայկ Բարսեղյանը. «Վերջապես ես իմ կարծիքը պետք է ասեի, թե կոնկրետ բառերն ինչ նշանակություն ունեն, Վիլենն ինչ դեր ունի հաղորդման մեջ, ովքեր են մոնտաժի հեղինակները: Այսինքն՝ պետք է լույս սփռեի խեղճ մարդկանց վրա, որ հասկանային, թե հաղորդումը ինչպես է սարքվում եւ ինչքանով է իրենց հայցը հում եւ անհիմն» YouTube-ում հեռարձակվող «SOS» հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի դեմ հենց ոստիկանությունն է հայց ներկայացրել: Հայցվորները պահանջում են վերջինից հրապարակային ներողություն խնդրել իրենցից, ինչպես նաեւ փոխհատուցում 1-ական միլիոն դրամի չափով: Ոստիկանները վիրավորվել են նախորդ տարվա մայիսի 24-ի «SOS»-ի թողարկումից։ «Ուղիղ տեքստով մենք որեւէ մեկին չենք վիրավորել, մենք համեմատել ենք որոշ կենդանիների՝ որոշ մարդկանց հետ, եթե իրենց վրա են վերցրել, դա շատ հարաբերական է»,- ասում է Հայկ Բարսեղյանը: Հաղորդման համահեղինակը համոզված է՝ եթե ներպետական ատյաններում՝ ոչ, ապա Եվրոդատարանում անպայման շահելու են դատը: «Թեկուզ մի քանի տարի հետո դատը կրենք, այդ որոշումը հավասար կլինի օրենքին, եւ հետագայում այդ գործերը չեն քննվի: Այնպես, որ մենք չենք նեղվի, գնալու ենք մինչեւ վերջ: Երբ որ եվրոդատարանում էլ հայցը կրեցինք, հատ-հատ նրանք պետք է պատասխան տան մեր վազվզոցների համար»: Դատական հաջորդ նիստը կկայանա արդեն հաջորդ տարում՝ հունվարի 24-ին: