Գինուն պետք է մոտենալ միմիայն բարձր տրամադրությամբ. ուղեցույց՝ հայկական գինիների մասին
«Գինին ապրելակերպ է, կյանքի ոճ, դրանով ապրում են»,- ասում է գինու գիտակ և սոմելյե Անիկ Պետրոսյանն իր հայկական գինիների և գինեգործության մասին ուղեցույցի երկրորդ մասի շնորհանդեսին: Առաջին մասը մեծ հաջողության է հասել, թե հայաստանցիների, թե զբոսաշրջիկների շրջանում, ուղեցույցում մանրամասնորեն նկարագրված են գինիների տեսակները, այս կամ այն գինին խմելիս ի՞նչ կարելի է համտեսել, ինչպիսի՞ տրամադրությամբ մոտենալ գինուն, կախված հավաքույթի տեսակից ի՞նչ գինի խմել: Անիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում փակագծեր բացեց. Սպիտակ գինի «Նախ կարևոր է, թե ում հետ եք խմում, եթե գործնական հանդիպում է նախընտրելի է գինին ըմբոշխնել դասական երաժշտության հնչյունների ներքո, իսկ եթե գինու ընկերը ձեր սիրելի էակն է` ապա միանշանակ ջազզ, ռոմանտիկ հանդիպումները խորհուրդ եմ տալիս սկսել սպիտակ գինուց, այնուհետև անցնել վարդագույնին» Կարմիր գինի « Իմ կարծիքով կարմիր գինին պետք է չոր լինի, եթե որոշել եք կարմիր գինի խմել, կիսաքաղցր գինի խորհուրդ չեմ տալիս, մանավանդ երբ սիրելիների հետ եք կիսում այն: Կարմիր գինի խմելիս պարզապես պետք է լսել լավ երաժշտություն, ժանրերի խնդիր չկա. Առհասարակ գինուն պետք է մոտենալ միմիայն բարձր տրամադրությամբ, չոր կարմիր գինին սիրած էակի հետ հանդիպումը եզրափակելու լավագույն միջոցն է…» Ուտեստների հետ գինիների համադրելիությանը ծանոթանալու համար սոմելյեն խորհուրդ է տալիս թերթել ուղեցույցը, որը վաճառվում է 5000 դրամով, կամ էլ մասնակցել գինեգործների և գինեգետների հանդիպումներին, որոնք ինքն է կազմակերպում: «Երբ պատկառելի տարիքի ամուսինները, որոնք միասին մի ամբողջ կյանք են ապրել, որոշում են գնալ գինի խմելու, խորհուրդ եմ տալիս այն տեսակները, որոնց առաջարկում եմ երիտասարդ սիրահար զույգերին, եթե որոշել են գինի խմել, ուրեմն դեռ սիրահարված են իրար, այնպես ինչպես ջահել օրերին…,»- մեզ հետ զրույցը եզրափակեց Անիկ Պետրոսյանը