Քաղաքացին չի զրկվի վերջին կացարան ունենալու հնարավորությունից
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ԱԺ երկրորդ ընթերցմանը ներկայացրեց պարտապան ֆիզիկական անձանց վերջին կացարան ունենալու հնարավորությունից չզրկելուն վերաբերող օրենքի նախագիծը: Նախարարի համոզմամբ, օրինագիծն անչափ կարևոր է և կենսական նշանակություն ունի ՀՀ քաղաքացիների համար: Արփինե Հովհաննիսյանի խոսքով, եթե հարկադիր աճուրդում անձի միակ բնակարան հանդիսացող լոտը չի վաճառվում և կրկնակի հարկադիր աճուրդ կազմակերպելու դեպքում լոտի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Կառավարության կողմից սահմանված նվազագույն գումարից, ապա լոտը հանվում է հարկադիր աճուրդից: Ի տարբերություն գործող կարգավորման՝ օրինագծի ընդունմամբ, պարտապանին հնարավորություն կտրվի իր գույքի վրա բռնագանձում տարածվելու դեպքում չզրկվել նվազագույն բնակապահովումից: ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն