«Ցանկացած մեկը դատապարտվում է, գնում ՔԿՀ եւ քրեականության համալսարան ավարտում» (տեսանյութ)
Վերջին մի քանի տարվա ընթացքում 8 անգամ նվազել է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատ արձակվողների թիվը: Մինչդեռ՝ այլ երկրներում դատապարտվածների 60-70 տոկոսը պատիժն ամբողջությամբ չեն կրում: «Անհրաժեշտ է, նույնիսկ օրենքի ուժով պարտադրել, որ պատիժը կրողների առնվազն 60-70 տոկոսը վաղաժամկետ ազատվեն, որովհետեւ հաստատ այդքան տոկոս մարդիկ իրենց պատիժն արդեն ստացել են եւ դա իրենց համար բավարար է, որ այլեւս հանցանք թույլ չտան»: ՀՀ արդարադատության նախարարությունը ոլորտի փորձագետների հետ դեռ մշակում է համապատասխան հայեցակարգը, որով պարտադիր կլինի համապատասխան հանձնաժողովի բացատրությունը: Ներկայումս դատապարտյալը վաղաժամկետ ազատ արձակվելու համար պետք է ստանա ՔԿՀ վարչակազմի եւ երկու՝ վարչական եւ անկախ հանձնաժողովների դրական եզրակացությունը: «Փաստացի լուծարվում են վարչական հանձնաժողովները, գործառույթ է տարվում քրեակատարողական հիմնարկի պետին՝ ներկայացնելու գործը անկախ հանձնաժողովին»: Եթե վարչական հանձնաժողովները լուծարվեն, ապա անկախ հանձնաժողովներից դիմումների քանակը կտրուկ ավելանա: «Ես, ինչպես հասարակական կարգով ներգրավված անձ՝ չեմ կարող, ֆիզիկապես ժամանակ չունեմ: Այդ դեպքում պիտի լինի վճարովի աշխատանք, եթե դարձավ վճարովի, ուրեմն անձը կախվածության մեջ ընկավ իրեն վճարողից», ասում է փաստաբան Արմեն Տեր- Տաճատյանը: Նոր հայեցակարգով սահմանվել են պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հստակ չափանիշներ, որոնք վերաբերում են դատապարտյալի վարքագծին, մասնավորապես՝ տույժերի կամ խրախուսանքների առկայությունը, կրթական, մշակութային միջոցառումներին մասնակցությունը: Չափանիշներից մեկն էլ անձի, այսպես կոչված՝ քրեականությունից ազատ լինելն է: «Ցանկացած մեկը դատապարտվում է, գնում է էնտեղ, քրեականության համալսարան է ավարտում, դուրս գալիս: Նման մարդկանց օր առաջ էդդտեղից հանելը կփրկի իրենց, քրեականության բացակայությունը չի կարող դիտվել որպես չափանիշ», ընդգծում է փաստաբանը: Հայեցակարգը գտնվում է ավարտական քննարկումների փուլում: Ակնկալվում է, որ առաջիկա մեկ ամսում այն կներկայացվի կառավարությանը: