Պայթեցվել է 1 բանկոմատ, մյուսը հավանաբար չեն հասցրել. թարմացվող (տեսանյութ)
Երևանի Սարյան փողոցներում այսօր առավոտյան բանկոմատ է պայթեցվել: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Ա1+»-ին հայտնեցին, որ դեպքով զբաղվում է Հայաստանի Քննչական կոմիտեն: Այնտեղից տեղեկություն ստանալ դեռևս չի հաջողվում: Սարյան փողոցում այս պատկերն է։ Դեպքը կատարվել է լուսադեմին։ Ականատեսներ այս պահին չկան։ Բանկոմատը պատկանում է «ԱԿԲԱ» բանկին։ Այս պահին փակ է Բաղրամյան պողոտայում գտնվող ՎՏԲ բանկը։ Աշխատողներից մեկը «Ա1+»-ի թղթակցին հայտնել է, որ պայթուցիկ չի հայտնաբերվել, և ոչ էլ պայթյուն է եղել, սակայն ոստիկանները տեղանքում աշխատում են։ ԱԻՆ-ը հայտնում է. Դեկտեմբերի 16-ին, ժամը 09.50-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 56 հասցեում գտնվող «ՎՏԲ» բանկի բանկոմատի մոտ տեղադրված է 3 կգ-անոց գազի բալոն և անհասկանալի առարկաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Քաղաքացիական պաշտպանության վարչության ինժեներական ջոկատը: Պարզվել է, որ բանկոմատի մոտ տեղադրված է եղել գազի 3 կգ-անոց և ածխաթթվածնային բալոններով պատրաստված ինքնաշեն պայթուցիկ սարք, որի միջոցով ցանկացել էին պայթեցնել բանկոմատը: Քաղաքացիական պաշտպանության վարչության ինժեներական ջոկատը վնասազերծել է պայթուցիկ սարքը և հանձնել ոստիկանության աշխատակիցներին: Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները: