Չորս կարգազանց ոստիկաններից երեքը կազատվեն աշխատանքից (տեսանյութ)
Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը: Մասնակցում էին ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, հասարակական կարգի ապահովման, իրավաբանական վարչությունների պետերը, կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետը, կարգապահական հանձնաժողմվի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկվեցին ոստիկանության չորս ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու դրանց վերաբերյալ եզրակացությունները: Կարգապահական հանձնաժողովը, որը կոչված է ապահովելու ոստիկանության ծառայողների պրոֆեսիոնալ վերահսկողություն եւ առաջնորդվում է հրապարակային, թափանցիկ գործելաոճով, պարզելով փաստական հանգամանքները՝ որոշում կայացրեց հիշյալ ծառայողներից երեքի նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը, իսկ մեկ ծառայողի նկատմամբ նյութերը քննարկել լրացուցիչ: Քանի որ սա ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 2016 թվականի վերջին նիստն էր, հանձնաժողովի նախագահ Հունան Պողոսյանը շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի անդամներին՝ օբյեկտիվ քննարկումների ու արդյունավետ համագործակցության համար՝ հաջողություններ մաղթելով գալիք տարում: