Ծնողների 40%-ը դաստիարակելու համար ծեծում է երեխային (տեսանյութ)
Վերջին տասն օրվա ընթացքում ականատես եղանք երեխաների իրավունքի խախտումների բազմաթիվ դեպքերի: Մի դեպքում երեխաներ մահացան, որոշ դեպքեր ավարտվեցին վնասվածքներով: Ըստ «Երեխաների պաշտպանության ցանց» կազմակերպության ուսումնասիրությունների, 40%-ի դեպքում ծնողները երեխաների դաստիարակության համար օգտագործում են ֆիզիկական բռնությունը: «Երեխաների պաշտպանության ցանց»-ի խորհրդի նախագահ Միրա Անտոնյանի խոսքով՝ ընտանեկան բռնությունների դեպքերը ավելի շատ են, քան հայտնի է դառնում իրավապահներին, և առկա տվյալները ոչ այնքան ճշգրիտ են: Նրա կարծիքով՝ հասարակության ակտիվությունն ու վերաբերմունքը շատ կարևոր է ընտանեկան բռնությունների դեմ պայքարելու համար. «Շատ է քննարկվում, արդյո՞ք երեխաներին ֆիզիկական վնասվածք հասցրած հայրը պետք է տուգանվի 30000 դրամով, թե պետք է ազատազրկվի: Սա աղմկահարույց դեպք էր, սակայն միակ դեպքը չէ: Սոցիալական աշխատողի միջոցով ընտանեկան բռնությունների դեպքերը խաղաղ ավարտի հասցնելը շատ ավելի համոզիչ է և արդյունավետ: Պետք է այսպիսի համակարգ ներդրվի: Եթե այս սենսացիոն դեպքերը չլինեն, գուցե շատերը չխոսեին բռնությունների մասին»: «Երեխաների պաշտպանության ցանց»-ի անդամ Նունե Գեղամյանի պնդմամբ՝ պետք է խնդրին մոտեցումները փոխվեն, այդ թվում նաև՝ պետության կողմից. «Կիրառելի տարբերակ է, որ բռնություն գործադրողը հեռացվի ընտանիքից: Շատ պարագաներում սխալ է երեխային հեռացնել ընտանիքից, քանի որ դա նրա զարգացման կարևոր միջավայր է: Կարիք կա, որ պետությունը բռնություն ենթարկողին և ենթարկվողին վերականգնողական ծառայություններ մատուցի»: «Երեխաների պաշտպանության ցանց»-ի անդամ Արշակ Գասպարյանի պնդմամբ՝ եկել է մի իրավիճակ, երբ կարիք է առաջացել մարդկանց բացատրել՝ ինչ է ընտանիքը, ինչ է սերը: «Մենք այսօր կորցնում ենք արժեքներ, միարժեքություններ, և դրա պատճառով է, որ կարիք է առաջացել բացատրել, որ ընտանիքը սեր է, և դա բռնություն պետք է չենթադրի»: Նրա գնահատմամբ՝ պետական կառույցները փորձում են երեխայի պաշտպանության խնդիրները լուծել ինքնագլուխ՝ անտեսելով հասարակական կառույցների: «Ունենք պատասխանատուների ոչ գործընկերային մոտեցում: Պետք է հասկանանք, որ գործընկերություն սերմանելը արդյունքի հասնելու լավագույն ճանապարհն է»,- հավելեց Արշակ Գասպարյանը: