Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հույս ունենք՝ Նոր տարուն ձյուն չի գա». «Սանիթեք»-ն ամփոփեց տարին (տեսանյութ)

Հասարակություն
sanitek

20 միլիոն եվրոյից ավելի ներդրում, 1000-ից ավելի աշխատատեղ և 900 հազար դոլարի չափ ներդրում՝ տնտեսության մեջ. «Սանիթեք» ընկերության գործադիր տնօրեն Նիկոլա Էլ Թավիլն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով տարին, ներկայացրեց ընկերության ձեռքբերումները Հայաստանում: «Մենք հեռու ենք կատարյալ լինելուց, քանի որ իրականացնում ենք ծառայության մատուցում, իսկ դա նշանակում է, որ զարգանալու և կատարելագործվելու տեղ միշտ կա: Այս տարի մենք բարելավել ենք մեր ծառայության որակը՝ ավելացնելով տեխնիկան և աշխատակիցների քանակը»,-նշեց Նիկոլա Թավիլը: Խոսելով ձնամաքրման աշխատանքների մասին՝ նա ասաց, որ ընկերության համար առաջնահերթ են հիվանդանոցների, դպրոցների, կառավարական շենքերի ճանապարհների մաքրման աշխատանքները: «Մայթերը նույնպես մաքրվում են, բայց խնդիրն այն է, որ մաքրելուց հետո ձյունը ծառերից թափվում է, սառչում, և մենք ստիպված ենք լինում կրկին մաքրել դրանք: Հույս ունենք՝ Նոր տարուն ձյուն չի գա, բայց եթե գա էլ, դա խնդիր չէ, որովհետև մենք ավելի քան պատրաստ ենք դրան: Հատուկ տոն օրերի համար ունենք պահուստային տեխնիկա և պահուստային թիմ, ովքեր աշխատելու են Ամանորին»: Ինչ վերաբերում է աղբահանությանը, ապա «Սանիթեք» ընկերության տնօրենի խոսքով՝ դա 24-ժամյա աշխատանք է: Հարցին, թե աղբամանների տեղադրման վայրը, որից շատ հաճախ քաղաքացիները դժգոհում են, ինչպես է ընտրվում, Նիկոլա Թավիլը պատասխանեց. «Աղբամանների տեղը հենց այնպես չի ընտրվում: Մանրակրկիտ ուսումնասիրվում է բնակչության խտությունը, աղբամաններից բնակավայր ընկած ճանապարհի կիլոմետրերը և այլն, ապա քաղաքապետարանի հետ համատեղ որոշվում է, բայց մենք միշտ պատրաստ ենք լսել քաղաքացիների առաջարկներն այդ առումով»: 2017  թվականին «Սանիթեք» ընկերությունը նույնպես պատրաստվում է բարելավել իր ծառայությունները: Մասնավորապես, բանակցություններ է վարում միջազգային կազմակերպության հետ աղբի վերամշակման համար. «Գիտեմ, որ տենդեր է հայտարարվելու աղբի վերամշակման գոտի կառուցելու համար, և ուզում եմ ասել, որ «Սանիթեքը» պատրաստ է  և մասնակցելու է մրցույթին: Բացի դա, մենք բանակցություններ ենք վարում նաև աղբի տեսակավորում իրականացնելու համար, բայց չեմ կարծում, թե դա կհասցնենք իրականացնել 2017 թվականին»,-եզրափակեց նա: Արդո՞ք Սանիթեքը նախատեսում  է աղբահանում կամ ձնամաքրման աշխատանքներ իրականացնել մարզերում, ընկերության  տնօրենը նշեց. «Խնդիրը մարզերի բյուջեն է, ինչպես նաև շրջանների՝ միմյանցից հեռու գտնվելը: Այս ամենը պետք է մանրակրկիտ ուսումնասիրենք՝ ներդրումների և եկամուտ ստանալու մասով, որպեսզի հաջողության հասնենք»: