«Հայաստանցի հարուստները վախենում են փողը դնել բիզնեսի մեջ»
Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում այսօր «Կառավարության եւ զարգացման ֆրանսիական գործակալության» միջեւ ստորագրված միջազգային համաձայնագրի քննարկմանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հայտարարեց, որ այս օրերին շուկայում պետք է մոնիթորինգ անել ու տեսնել, թե ուր են հասել մթերքների գները Ամանորի շեմին: Նրա ելույթից հետո ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ լավ լուր ունի հայտնելու. «Առաջին անգամ ԱԺ նախագահությունը տաք թեյ կմատուցի կին պատգամավորներին, որ չլքեն դահլիճը»: Ամբիոնի մոտ պետք է ելույթ ունենար ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ու այդ պահին Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ցանկանում էր լքել դահլիճը: «Պարոն Արամյան, մի գնացեք, մի տասը րոպե լսեք»,- արձագանքեց Արամ Մանուկյանը: «Մրսում է, ոնց չգնա»,- նկատեց Նաիրա Զոհրաբյանը, որը դահլիճում ցուրտ լինելու պատճառով վերարկուն գցել էր ուսերին: Իսկ Արամ Մանուկյանն իր ելույթում հայտարարեց, որ այսօր բանկերում կա երկու տրիլիոն դրամ ավանդ, չորս միլիարդ գումար. «Սա նշանակում է, որ հայաստանցի հարուստները փողը չեն դնում բիզնեսի մեջ, քանի որ վախենում են: Եթե այդ չորս միլիարդ դոլարի տասը-քսան տոկոսը գար բիզնես, առեւտուր, մեր տնտեսությունը թափ կառներ»: Նա նաեւ նշեց, որ ՀՀ-ում ծնված ցանկացած քաղաքացի այս պարտքը իր վզին է ծնվում. «Յուրաքանչյուր քաղաքացու վրա այդ պարտքը կազմում է երեք հարյուր դոլար: ՀՀ-ն, ըստ Կարնեգի հիմնադրամի տվյալների, աշխարհում գրավում է երրորդ տեղը՝ արտագաղթի ծավալով: Առաջին տեղում Սիրիան է, Բոսնիա-Հերցոգովինան: Այսինքն, ՀՀ-ում ամեն չորսից մեկը պաշտոնապես արտագաղթել է: Եթե մարդը, արտադրողը ՀՀ-ից դուրս է, դուք ո՞նց եք բյուջե հավաքելու ու տնտեսական աճ ցույց տալու, պարտքը փակելու: Բյուջեն ու ֆինանսները քաղաքականություն են, ու այդ իմաստով դուք ձախողած եք՝ դուք որեւէ լուծում չունեք»: Այդ ընթացքում դահլիճում ներկա կին պատգամավորներն արդեն թեյ էին ըմպում: «Ընդդիմությունը, կարծես թե, գոհ է իշխանության տված թեյից»,- կատակեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Մի քիչ քաղցր էր, բայց դե դրա մեջ էլ գայթակղիչ բան կար»,- արձագանքեց ամբիոնին ելույթի համար մոտեցած ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: