Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի տասը լավագույն մարզիկները մեծարվեցին և պարգևատրվեցին (տեսանյութ)

Պաշտոնական
sport-1

Գագիկ Ծառուկյանը ավտոմեքենաների նվիրեց տարվա լավագույն մարզիկներին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը վերջին տարիների ավանդույթի համաձայն մարզաշխարհի տարեվերջյան ամփոփիչ հանդիպման ժամանակ մարդատար ավտոմեքենաների բանալիներ նվիրեց տարվա լավագույն 10 մարզիկներին:   Այս տարի նման պատվի արժանացան օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, օլիմպիական փոխչեմպիոններ Միհրան Հարությունյանը (երկուսն էլ հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը (երկուսն էլ՝ ծանրամարտ), Եվրոպայի չեմպիոններ Նազիկ Ավդալյանը, Անդրանիկ Կարապետյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը (երեքն էլ՝ ծանրամարտ), Հարություն Մերդինյանը (սպորտային մարմնամարզություն), Վարշամ Բորանյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) եւ Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը (սպորտային մարմնամարզություն):     Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Հայաստանի տասը լավագույն մարզիկների մեծարման և պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Ավանդական դարձած նախատոնական այդ հանդիպմանը Հանրապետության Նախագահը շնորհավորել է մարզաշխարհի բոլոր ներկայացուցիչներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել առողջություն, նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ սպորտի բնագավառում և անձնական կյանքում: Խոսելով սպորտային իրադարձություններով և հաջողություններով լի անցնող 2016թ. մասին՝ Նախագահը մարզաշխարհի համար ամենակարևոր իրադարձությունը համարել է 31-րդ ամառային օլիմպիական խաղերը, որտեղ Հայաստանը ներկայացավ արժանապատվորեն՝ երկար տարիների ընդմիջումից հետո Հայաստան բերելով օլիմպիական ոսկին: Ինչպես դա, այնպես էլ 2016 թվականի աշխարհի և Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների և պատանիների առաջնություններում շահած մեդալները, Հանրապետության Նախագահի համոզմամբ, տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքն են: sport1 Նախագահը վստահեցրել է, որ պետությունը շարունակելու է ամեն տարի ավելացնել սպորտին ուղղված միջոցները: «Ես ուրախ եմ, որ Հայաստանում ամեն տարի նոր մարզադահլիճներ, նոր մարզադպրոցներ են շահագործման հանձնվում և, իհարկե, շատ գնահատելի է, որ դա տեղի է ունենում պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում նաև: Շահագործման հանձնվեց, օրինակ, օլիմպիական կոմիտեի ողջ համալիրը, ընդամենը երկու-երեք օր առաջ մենք շահագործման հանձնեցինք Երևանի պետական համալսարանի մարզադահլիճները՝ շքեղ, մեծ, հարմարավետ, ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող: Այսպես կարող եմ շահագործման հանձնված մարզադաշտերի ու մարզադպրոցների թվարկումը շարունակել: Երբ մեր մարզիկները, մեր հրաշալի մարզիկները աշխարհի տարբեր վայրերում, տարբեր սպորտային հարթակներում վեր են խոյացնում Հայաստանի եռագույնը կամ հնչեցնում են մեր հիմնը, բնական է, որ յուրաքանչյուր հայ, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի հպարտությամբ է լցվում: Բայց կարևորը, կարծում եմ, նաև այն է, որ նրանք դառնում են խորհրդանիշներ, և երիտասարդ սերունդը, երեխաները սկսում են հետևել նրանց: sport2 Վստահաբար ասում եմ, որ Հայաստանը դարձել է շախմատային երկիր, որովհետև ունեցանք Տիգրան Պետրոսյան: Հայաստանում ֆուտբոլը զարգանում է, ճիշտ է՝ առաջնությունն այնքան էլ հաջող չի գնում, բայց ես վստահ եմ, որ Հայաստանում ֆուտբոլը մեծ ապագա ունի, որովհետև այստեղ նստած են «Արարատ 73»-ի տղաները, որոնք ուղղակի մեզ հպարտության զգացում են ներարկել: Ես վստահ եմ, որ նույնիսկ Հենրիխ Մխիթարյանի երեկվա գոլը հազարավոր երիտասարդների, երեխաների հպարտություն է ներշնչել: Արթուր Ալեքսանյանը, երբ Ռիոյում դարձավ չեմպիոն, կարծում եմ, որ բոլոր հայ տղաները մտածում էին՝ Աստված տա, իրենք էլ դառնան օլիմպիական չեմպիոն, որպեսզի այդպիսի հարգանքի և այդպիսի ընդունելության արժանանան: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Հաջողություն բոլորիս, խաղաղություն մեր երկրին»,-շնորհավորական խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: