ԱԺ-ն քննարկում է ուզուֆրուկտի եւ սերվիտուդի պայմանագրերը
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հայտարարեց` քանի որ այս տարի առաջին նիստն է, իրենց թեժ քննարկումներն անելու են ցուրտ դահլիճում։ «Դե, մենք Կառավարության նման տաք դահլիճներ չունենք»։ Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում նախատեսված փոփոխությունները, որոնցով նախատեսվում է ներմուծել ուզուֆրուկտներ` գույքային դասական իրավունքներ եւ սերվիտուդի պայմանագիրը, որը բիզնեսի տեսակ է, եւ այն գալիս է հին հռոմեական իրավունքից եւ որը բացակայում է մեր` ՀՀ Քաղաքացիական օրենքում։ Ըստ փոխնախարարի` սերվիտուդի այս պայմանագրով կարգավորվում են, ասենք` հարեւանի ծաղիկներով հողատարածքների միջով անցնելը։ Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը անկեղծորեն նշեց, որ իր համար խրթին պատկերացում էր։ Փոխնախարարը նաեւ նշեց, որ այս նախագծով կարգավորվում է, որ, ասենք, ծովի մյուս ափին կա ծաղիկներով գեղեցիկ լանդշաֆտ, իսկ այս ափին հյուրանոցային համալիրը պայմանագիր է կնքում, որ այն պահպանվի։ ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը կոչ արեց ավելի իրատեսական բաներից խոսել` Հայաստանը վաղուց ծով չունի։ « Դրա փոխարեն ասեք Սեւանա լիճ»,- խորհուրդ տվեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խոսեց իր պարտեզի մասին, որտեղ ունի հողմաղաց. «Սա սեփականության իրավունքի խախտում է, երբ իմ պարտեզով մեկ ուրիշի գործարանի խողովակն է անցնում»։ Փոխնախարար Հովհաննիսյանը նշեց, որ դա կամավոր սերվիտուդ է, որի դիմաց սեփականատերը ստանում է գումար։ Նախագիծը մտավ ԱԺ օրակարգ։