Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրադատարանին հետաքրքրել է «Սասնա ծռեր»-ի անդամի առողջական վիճակը        (տեսանյութ)

Քաղաքականություն
Hovhannes-Harutyunyan-nkar

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջության հարցը հայտնվել է ՄԻԵԴ-ի ուշադրության կենտրոնում։ Դատական ատյանը Հայաստանի Կառավարությունից պահանջում է տեղեկատվություն տրամադրել խմբավորման անդամի առողջության մասին։ «Ինչպես նաև պահանջել է Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական բոլոր փաստաթղթերը։ Պատասխանից հետո կշարունակի գործի քննությունը»,- «Ա1+»-ի հետ զրույցում  ասում է նրա փաստաբան Հայարփի Սարգսյանը։ Հովհաննես Հարությունյանի բուժումը քաղաքացիական հիվանդանոցում շարունակելու համար փաստաբանն ստիպված է եղել դիմել Եվրադատարան։ Հայաստանյան դատաիրավական համակարգն անհաղորդ է մնացել այդ հարցով իր խնդրանքներին։ «Հովհաննես Հարությունյանը չի կարող ապաքինվել, քանի որ գտնվում է ավելի վատ վիճակում՝ Նուբարաշեն ՔԿՀ-ում՝ անմարդկային և նվաստացուցիչ պայմաններում»,- ասում է Հայարփի Սարգսյանը։ Բժշկական փաստաթղթերն անգամ խոսում են Հովհաննեսի վատ վիճակի մասին։ Նրա ոտքերում բեկորի 18 մասնիկ է մնացել։ Սա էլ բավական չէ, փաստաբանի պնդմամբ՝ Հովհաննեսը բանտում խոշտանգվում է։ «Տեսանելի էին ծեծի հետքեր, որովհետև ձախ աչքն էր կապտած, մեջքի հատվածին հարված էր ստացել և նման վիճակում նրան բուժական հաստատություն տեղափոխելու փոխարեն նրան տեղափոխել էին պատժախուց»։ Հայարփի Սարգսյանը Հովհաննես Հարությունյանի վիճակի բարելավման հույսը կապում է բացառապես Եվրադատարանի հետ։ «Ակնկալում եմ, որ Եվրադատարանը քայլեր կձեռնարկի և կնպաստի, որ իմ պաշտպանյալ Հովհաննես Հարությունյանը տեղափոխվի մասնագիտացված հիվանդանոց և կապահովվի նրա բուժումը»։ «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը հրազենային վիրավորում էր ստացել անցած տարվա հուլիսի 26-ի գիշերը՝ ոստիկանության հետ փոխհրաձգության արդյունքում։ Միջադեպից հետո տեղափոխվել էր Դատապարտյալների հիվանդանոց։ Նրան մեղադրանք է առաջադրվել շենք շինություններ գրավելու, զենք զինամթերք կրելու համար։ Գործը դեռ նախաքննության փուլում է։