«Դատարանն անցել է ընձուղտի քաղաքականության» (տեսանյութ)
Հեղինակազրկված արդարադատության, հեղինակազրկված դատական ակտ: Այսպես է բնութագրում փաստաբանը՝ Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանի գործով վճիռը: Հունվարի 16-ին կայացված վճռի տեքստը նոր է հասել փաստաբանին։ «Ամանակարեւոր հանգամանքն այն է, որ Գեւորգ Սաֆարյանը բռնունցքով հարվածել է եւ կադրերը դրվել է, այդ մասին դատարանը լուռ է: Մինչդեռ ամենակարեւոր հանգամանքի մասին դատարանը պարտավոր էր իր որոշումը հայտնել: Դատարանը անցել է ընձուղտի քաղաքականությանը, չի խոսել այդ մասին: Ամենակարեւոր հանգամանքը չկա: Սա դատարանի վճիռը դարձնում է չպատճառաբանված»,- «Ա1+»-ին ասաց պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Գեւորգ Սաֆարյանը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման՝ Ամանորի գիշերը Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու փորձից հետո։ Նա մեղադրվում է ոստիկան Գեղամ Խաչատրյանին հարվածելու մեջ : Պաշտպանը պնդում էր՝ մեղադրանքն անհիմն է: Մինչդեռ դատարանը, ըստ վճռի՝ տեսանյութը հետազոտելիս տեսել է, թե ինչպես է սպիտակ տաբատ հագած Գեւորգ Սաֆարյանը ոտքով հարվածում Գեղամ Խաչատրյանին եւ նա ընկնում է. «Սա բացահայտ աչքակապություն է, հստակ երեւում է տեսանյութում, որ Գեղամ Խաչատրյանն արդեն ընկած է գետնին, հետո նոր մոտ 2 մետր հեռու երեւում է ինչ-որ մեկի ոտքը կիսաբաց է արվում: Հնարավոր չէր : Կամ օգնականն է գրել, դատարանն ընդհանրապես չի նայել, կամ չգիտեմ ինչի համար է գրել»,- ավելացրեց պաշտպանը: Դատարանը պաշտպանական կողմի ցուցմունքները համարել է ոչ արժանահավատ, իսկ մեղադրող կողմինը արժանահավատ. «Այսպիսի դատավճիռ կարող էր կայացնել Մնացական Մարտիրոսյանը: Այդ դեպքում ինչո՞ւ համար 8 ամիս դատաքննություն կատարվեց, ինչո՞ւ բոլոր անձինք կանչվեցին դատարան եւ հարցաքննվեցին, բացահայտվեցին անկնհայտ հակասությունները»,-հարց է տալիս պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Պաշտպանը աշխատում է վերաքննիչ բողոք ներկայացնելու համար։ Գեւորգ Սաֆարյանը բանտում է արդեն 13 ամիս։