Նախընտրական Հայաստան. շահերի՞, թե՞ գաղափարների պայքար. քննարկում (տեսանյութ)
«168 Ժամ» թերթին կից գործող «Պրեսսինգ» ակումբը վերսկսում է քննարկումների իր շարքը: Նախընտրական այս շրջանում նպատակն է` ընտրություններից առաջ քաղաքական ուժերի, քաղաքական, տնտեսական և հասարակական գործիչների, փորձագետների մասնակցությամբ քննարկումների միջոցով նպաստել ընտրողների գիտակցված ընտրությանը: Փետրվարի 7-ին տեղի ունեցած քննարկման թեման էր` «Նախընտրական Հայաստան. շահերի՞, թե՞ գաղափարների պայքար»: Թեման ինչ-որ իմաստով նաև միտումնավոր ենք ընտրել, քանի որ ի սկզբանե հասկանալի է` այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում, գրեթե աղերս չունի գաղափարների հետ: Նախընտրական, դաշինքային գործընթացներում մենք տեսնում ենք, թե ինչպես են իրար հետ միավորվում հակադիր, հակամետ գաղափարական հենք ունեցող ուժերը: Որո՞նք են այս իրավիճակի պատճառները, ի՞նչն է հանգեցրել քաղաքականության` ըստ էության, ապագաղափարացմանը: Արդյոք այս հարցում մեղք ունի՞ նաև հասարակությունը, ինչպես հաճախ ասում են հենց քաղաքական գործիչները: Կա՞ արդյոք այսօր քաղաքականության մեջ գաղափարի պահանջարկ հասարակության կողմից, թե՞ հասարակությունն ընդամենը մեխանիկական սպառողի կարգավիճակում է: Ի՞նչ անել, որպեսզի այդ պահանջարկն առաջանա: Քննարկումը վարում էր «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր, ակումբի հիմնադիր Սաթիկ Սեյրանյանը: Քննարկման մասնակիցներն էին՝ քաղաքագետ, ԵՊՀ դոցենտ Անուշ Սեդրակյանը, Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ, «Հեռուստառադիոպետկոմի» և «Արմենպրես» լրատվական գործակալության նախկին նախագահ և տնօրեն, PR հանրության հետ կապերի, մեդիա մասնագետ, քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան Հակոբյանը, տնտեսագետ, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» փորձագետ Աշոտ Խուրշուդյանը, Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անկուսակցական պատգամավոր Թևան Պողոսյանը, սահմանադրական իրավունքի մասնագետ, քաղաքագետ Արմեն Մազմանյանը, ազգագրագետ, մշակութաբան, մարդաբան Աղասի Թադևոսյանը, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, քաղաքագետ Արմեն Մինասյանը: Քննարկումների շարքի աջակիցներն են «Depop» Կառավարման ինստիտուտը, «Ազատ Ֆարմա» ընկերությունը: