ՄԻՊ-ն առաջարկել է Արթուր Սարգսյանի խափանման միջոցի հարցը քննարկել (տեսանյութ)
Արթուր Սարգսյանի «Հաց բերողի» վիճակն այս պահին այնպիսին է, որ ավելի արդյունավետ կլինի նրան քաղաքացիական հիվանդանոցում բուժումը կազմակերպելը: Այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց ՄԻՊ Արման Թաթոյանը. «Առողջական վիճակի հետ կապված երկու լուծում կարող է լինել: Առաջինը շուրջօրյա հերթապահություն սահմանելն է, նույնիսկ ՔԿՀ-ում, բայց կարծում եմ ավելի արդյունավետ կլինի քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելը»: Արման Թաթոյանը նշեց, որ ՄԻՊ աշխատակիցներն առավոտյան եղել են «Դատապարտյալների հիվանդանոց»-ում, ստուգել են բոլոր հանգամանքները: Արթուր Սարգսյանը ՄԻՊ աշխատակիցներին էլ է ասել, որ հրաժարվում է տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց. «Նրա առողջության պահպանման հարցն ինձ համար, նաեւ մեր աշխատակիցների համար առաջնային է»,- ընդգծեց Արման Թաթոյանը: «Ա1+»-ի հարցին, թե արդյո՞ք կան հիմքեր փոխելու Արթուր Սարգսյանի խափանման միջոցը, օմբուդսմենը պատասխանեց. «Օրենքը արգելում է ինձ գնահատականներ տալ, բայց հաշվի առնելով փաստաբանների պնդումները, որ այդուհանդերձ անհիմն է կալանքը, ես քրեական հետապնդում իրականացնող մարմիններին ուղարկել եմ նամակներ, որպեսզի քննարկեն: Ես կարող եմ միայն պահման պայմանների արդյունավետ վերահսկողություն իրականացնել»: