Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շան համար տուրք են պահանջում, բայց պայմաններ չեն ապահովում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
shunik

Բելա անունով շնիկն արդեն երկու տարի է՝  լրացնում է 58-ամյա Քնարիկ Միրզոյանի առօրյան:   Օրերս  տիկին Քնարիկը պարզել է, որ  եթե շանն ուզում է տանը պահել,  պետք է  շտապի 5000 դրամ տուրքը վճարել։ «Զանգեցին, անհանգստացրեցին, և շատ կոպիտ ձևով: Խնդրեցի, ասացի՝ մենք վարձով ենք ապրում, այստեղ գրանցված չենք, բայց իրենք շատ կոպիտ ձևով՝ աղջիկ էր երիտասարդ, ասաց՝ դա ինձ չի հետաքրքրում, դուք կենդանի եք պահում, պետք է վճարեք»,-ասում է տիկին Քնարիկը: 2015 թվականից «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի  10-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝  Երևան քաղաքի և քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվել է 5 000 դրամ: «Լսել էի, բայց ում հարցնում էի, ասում էին՝ չենք վճարում: Ամեն երկրորդ տուն շուն ունի, ոչ թե սենց խաղալիք, այլ իսկական շներ, բայց վճարումների մասին խոսք չկա»: Տիկին  Քնարիկն ասում է՝ հարցը գումարի մեջ չէ: Բայց եթե քաղաքապետարանը գումար է պահանջում սեփական տանը ընտանի կենդանի պահելու համար,  ապա պարտավոր է դրսում համապատասխան պայմաններ ապահովել այդ կենդանու համար:  «Կոմունալ գումարերը բոլորը ժամանակին վճարում եմ, իսկ շան համար... ինչի՞ համար վճարեմ, չէ՞ որ շան համար ոչ մի խաղահրապարակ չկա, շների համար ոչ մի սպասարկում չկա»,-ասում է նա: Երեւանի ավագանու որոշմամբ՝ արգելվում է շանը զբոսանքի տանելը մանկական հրապարակներում, առողջապահական, կրթական, մշակույթի, սպորտի հիմնարկների և շուկաների տարածքներում:  Ու թեեւ մնացած տարածքներում թույլատրվում է շներին զբոսանքը, սակայն Բելա շնիկը  տարվա մեջ ընդամենը մի քանի անգամ է բակ իջնում: Տիկին  Քնարիկը, որ կենդանուն երեխայի պես է պահում, զգուշանում է նրան բակ իջեցնելուց, որ հանկարծ որեւէ մեկը նրան չվնասի։ Մանրամասները՝ տեսանյութում