Քսակի տերերը գրոհում են. ընտրություն՝ վարչապետի թեկնածուների միջեւ (տեսանյութ)
2012թ. ԱԺ ընտրություններին ՀԿԿ-ն ստացավ 1.50 տոկոս ձայն ու չանցավ խորհրդարան: Այս անգամ իր հետ միասնական ցուցակով մասնակցող Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության հետ միասին նպատակ ունեն հաղթահարել անհրաժեշտ 5 տոկոսանոց շեմն ու մտնել ԱԺ: «Մի 10 տարի առաջ, Կոմունիստական կուսակցության այդ ընտրազանգվածը, որ տարիքով ավելի երիտասարդ էին, շատ ավելի ակտիվ էին ու մեծ էր, հիմա, ցավոք, տարիքն իրենն ասում է, եւ բուն կոմունիստական ընտրազանգվածը, որը հիմնականում կարոտախտի մեջ է եւ ապրում է նախորդ ժամանակաշրջանով, հույս ունենալով, որ ամեն ինչ կվերադառնա, այդ ընտրազանգվածը բավականին նվազել է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը: Ըստ քաղաքագետ Լեւոն Շիրինյանի՝ Կոմունիստները, պետք է ժամանակին կողմնորոշվեին ու դառնային սոցիալիստական կուսակցություն: Այժմ ընտրություններին նրանց ակտիվանալը նրա համար շատ տարօրինակ է. «Շատ վատ կզգայի, եթե սա ՌԴ-ից ազդակ ունենա: Այնքան ՌԴ-ից ազդակները, շարժափոկերը շատ են, որ սա լրացուցիչ կլինի վատ: Այս կուսակցությունը 1920թ. իր գործունեության՝ պետական դավաճանության, գնահատականը չի տվել մինչեւ հիմա: Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ նիշն արդեն զբաղեցրել է՝ խաղաղություն, հաշտություն.. լենինյան լոզունգներն են 1917թ.՝ հողը գյուղացուն, խաղաղություն՝ բանվորին»: Կա տեսակետ, որ նախորդ ընտրություններին, որոնց կոմունիստները չեն մասնակցել, նրանց ընտրազանգվածի ձայները գնացել են ԲՀԿ-ին, որը եւս հանդես էր գալիս սոցիալական արդարության, սոցիալիզմի դիրքերից: «Չեմ բացառում, որ իրենց ընտրազանգվածը ժամանակին ամբողջովին տեղափոխվեց ԲՀԿ ընտրազանգված: Կարծում եմ՝ կլինեն տարիքով մարդիկ՝ հիմնականում սոցիալապես անապահով, որոնք կվերադառնան կոմունիստների մոտ, սակայն չեմ կարծում, որ դա կլինի այնպիսի բարձր տոկոս, որ թույլ կտա նրանց՝ անցնելու այդ շեմը»,- նկատեց Վիգեն Հակոբյանը: «Ով, որ այդ նախագիծը շրջանառել է, սխալ մանիպուլյացիայով է զբաղվել, քանի որ եւ ՀՀԿ-ն, եւ ԲՀԿ-ն, որոնք նաեւ օլիգարխիկ, տնտեսաքաղաքական միավորներ են, իրենց կայուն ընտրազանգվածն ունեն, եւ նրանք չեն գնա ոչ այնտեղ, ոչ այնտեղ: Ենթադրենք դա մեկ տոկոս է, ու եթե այդ նախագիծը դրա համար են արել, ապա շատ վատ են արել՝ չիմանալով, չհասկանալով. Կոմինիզմի դարաշրջանն ավարտվել է»,- կարծում է Լեւոն Շիրինյանը: ԱԺ այս ընտրությունները մի շարք այլ առանձնահատկություններ եւս ունեն՝ քաղաքական ուժերը բավականին հանդուրժող են միմյանց նկատմամբ, իսկ ահա տարածքային պայքարը վերածվել է ռինգայինի: «Ոչ բոլոր իշխանական ուժերն են, որ այս պահին մեկնարկ են վերցրել, նպատակ ունեն իշխանություն վերցնելու, չնայած՝ դրա մասին խոսում են, հայտարարում են, թե իշխանափոխություն են անելու, բայց ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ իրենք չեն հավատում իրենց սեփական ուժերին ու փորձում են այդ երաշխավորված 1/3 տեղը ընդդիմությանը Սահմանադրությամբ հատկացված, վերցնել այդ տեղերը»,- ասաց Վիգեն Հակոբյանը: «Այս ընտրարշավը վերածվել է ավագանու ընտրությունների. ակնհայտ է, որ պլուտոկրատիան է՝ քսակի տերերը, մեծահարուստները, գրոհ են տալիս ԱԺ: Պարզ է, որ այդ ամենը հայրենիքի անվան տակ է, բայց ակնհայտ է, որ նպատակ ունեն՝ շարունակել կողոպուտի մասնակից լինել: Եթե մասնագիտական որեւէ հմտություն չունեք, գնում եք ԱԺ, որ ի՞նչ անեք»,- զարմանում է Լեւոն Շիրինյանը: ԱԺ այս ընտրությունների բուն էությունը քաղաքագետները ձեւակերպում են մեկ բանաձեւով՝ սա ընտրություն է վարչապետի կոնկրետ թեկնածուների միջեւ: