«51 տոկոսով ոչ լեգիտիմ խորհրդարան է լինելու». Լյովա Խաչատրյան (տեսանյութ)
«Քարոզարշավ չկա, կա քարոզարշավի իմիտացիա»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Արագածոտնի մարզում Ծառուկյան դաշինքի պատգամավորության թեկնածու Լյովա Խաչատրյանը. «Քարոզարշավը չի սկսվել, այլ սկսվել է ձայների առք ու վաճառք՝ բոլոր ուժերի մոտ»,-նշեց նա՝ հավելելով, որ իրենց քարոզարշավն այս առումով տարբերվում է. «Մարդիկ իրենց փրկությունը տեսնում են Գագիկ Ծառուկյանի մեջ»: Պատգամավորի թեկնածուն չի տեսնում իշխանափոխության կարիք, քանի որ ընտրարշավի ընթացքում իշխանությունը դարձել է ժամանակավոր. «Իշխանությունն իրեն այլևս իշխանություն չի զգում, բոլոր պաշտոնյաները ինչ-որ բազարների մեջ են կապված ընտրությունների հետ, մոռացել են նույնիսկ իրենց աշխատանքը: Հիմա նրանք ժամանակավոր իշխանություն են: Խոսել իշխանափոխության մասին, անիմաստ է: Ժողովուրդն ում շատ ձայն տվեց, նա էլ կգա իշխանության»: Ասուլիսին ներկա՝ ՀՅԴ պատգամավորի թեկնածու Բագրատ Եսայանը համաձայն չէ, թե ձայների առք ու վաճառք է գնում: «Կուսակցությունները քարոզարշավը տանում են՝ իրենց ուժերի ներածին չափով: Մենք կարող ենք խոստանալ, որ թոշակները կբարձրացնենք տասն անգամ, բայց հետո մենք պատասխանատու ենք, չէ՞, ընտրողի առաջ: Հինգ տարի հետո չենք վերանալու երկրի երեսից: Այս նոր Սահմանադրությամբ կա հաշվետվության մեխանիզմ, որն իշխանությունը պետք է տա ժողովրդին ընտրվելուց մեկ տարի հետո»: Լյովա Խաչատրյանն ասուլիսի ընթացքում նշեց, որ ընտրական նոր օրենսգիրքը քաղաքական կուսակցություն ընտրելու հնարավորություն չի տալիս. «51 տոկոսով ոչ լեգիտիմ խորհրդարան է լինելու: Քաղաքական չի լինելու նոր ԱԺ-ն: Մեզ զրկել են քաղաքական կուսակցություն ընտրելու հնարավորությունից, չկա քաղաքական գործիչ, կան մարդիկ, որոնք գնում են ձայներ և իրենց մեջքին տանում կուսակցությունը»: Նա նշեց, թե նոր ԸՕ-ին ԲՀԿ-ն կողմ չի քվեարկել. «Այդ ժամանակ չի եղել Գագիկ Ծառուկյանը, չի եղել քաղաքական որոշում, նիստ»: