Թեկնածուն դեմ է ամրագոտիներին (տեսանյութ)
«Ծառուկյան» դաշինքի պատգամավորի թեկնածու Զոհրաբ Զոհրաբյանը «երկար դեգերելուց հետո, տեսնելով, թե ինչ է կատարվում մեր երկրում», որոշել է առաջադրվել թիվ 2 ընտրատարածքում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, թե շրջագայել և աշխատել է լուրջ երկրներում, որպեսզի այնտեղի փորձը ներդնի Հայաստանում: Պարոն Զոհրաբյանը «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին համեմատեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. «Նա լինելով բիզնես աշխարհի ներկայացուցիչ, մտավ քաղաքականություն և նոր մոդել բերեց: Կարծրատիպ կոտրվեց: Ես ուզում եմ, որ գրագետ հայերը աշխարհայացքը լայնացնեն, տեսնեն՝ ուրիշ երկրներում ինչ է կատարվում»: Պատգամավորի թեկնածուն երկու օրը մեկ շրջում է քաղաքով, հանդիպում ընտրողների հետ: Այդ հանդիպումներից նա տպավորություն է ստացել, որ մարդիկ շատ հիասթափված են և վատ են տրամադրված ընտրությունների հանդեպ: Նա անդրադարձավ նաև քարոզարշավի ընթացքում Գագիկ Ծառուկյանի՝ ընտրողներին խոստումներ տալու փաստին՝ նշելով, թե դա ընտրակաշառք չպետք է դիտարկել. «Այդ մարդը միշտ օգնել է: Դա ընտրություններից առաջ էլ է արվել, ընտրություններից հետո էլ է արվելու: Իմ անձնական քարոզարշավի ժամանակ մարդիկ մոտենում են տարբեր սոցիալական հարցերով, մեկը աչքի վիրահատության կարիք ունի, մեկը՝ դեղի, բայց մենք փորձում ենք նրանց հասկացնել, որ կա առողջապահության ոլորտ, ուղղություն ենք ցույց տալիս մարդուն: Եթե մարդն ունի աղբահանության խնդիր, ասում ենք՝ դիմեք Սանիտեկին: Ճանապարհներն ենք ցույց տալիս, բայց մարդիկ մեղավոր չեն, որ տարրական սահմանադրությունը չգիտեն»: Զոհրաբ Զոհրաբյանը, բացի դաշինքի նախընտրական ծրագրից, ունի նաև իր ծրագրերը: Դրա կետերից մեկը վերաբերում է արագաչափերին: Ըստ նրա՝ դրանք պետք է քաղաքի փողոցներում չլինեն, այլ միայն մայրուղիներում: Նա դեմ է նաև ամրագոտիներին. «80 տոկոսը իմիտացիա են անում ամրագոտի կապելու: Դա սխալ է, հենց դա է ստեղծում վթարային իրավիճակներ, որովհետև հենց տեսնում են ոստիկանի մեքենան, միանգամից խառնվում են իրար»: