Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարի թաղի դեպքերով կալանավորվածները հացադուլ կսկսեն (տեսանյութ)

Քաղաքականություն
sari-tax

Սարի թաղի հուլիսյան  դեպքերով կալանավորված 10 անձինք պատրաստվում են հացադուլ հայտարարել: Նրանցից մեկը՝  Կարեն Վանոյանը, երեկվանից արդեն հացադուլի մեջ է։ «Երեկ երեկոյան եմ իմացել, ինքը պիտի զանգեր, չզանգեց: Մենակ  աստծուց խնդրում եմ, որ իմ տղան շուտ ազատ արձակվի:  Եթե իրեն  մի բան եղավ իմաստը ո՞րն է, որ ես ապրեմ»,- «Ա1+»-ին ասաց  Շուշանիկ Գալստյանը:  8 ամիս առաջ զինված խմբի կողմից Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո, Խորենացի փողոցից Սարի թաղ տանող ճանապարհը ոստիկանությունը փակել էր։ Սարիթաղցիները զրկված էին տրանսպորտից, չունեին նաեւ գազ եւ ինտերնետ կապ։ «Բլոկադայի մեջ էր Սարի թաղը, քանի որ բոլոր ընտանիքներում էլ մանկահասակ երեխաներ կային, կենցաղային խնդիրներ ունեին բոլորը: Ուստի դիմում էին, որ բացեն ճանապարհը եւ մարդիկ գործից տուն բարձրանային: Այնինչ հրահրեցին եւ վեճ առաջացավ: Նրանք զենք բարձրացրին մեր տղաների վրա, իրենք էլ փորձեցին ինքնապաշտպանվել քարերով»,-  ավելացնում է կալանավորված Հարություն Թորոսյանի բարեկամներից  Լուսինե Հարությունյանը:   Հուլիսի 19-ին ոստիկանության և բնակիչների միջև տեղի ունեցած բախումները սարիթաղցիները մեկնաբանում են որպես բողոքի ձայն բարձրացնելու փորձ։   «Կրակոցներ, մենակ տեսնեիր ի՞նչ վիճակ էր: Պատերազմ էր համաշխարհային: Բա այդքանի միջից ոչ մեկը նստած չէ, մենակ Սարի թաղի տղաներն էին արե՞լ: Ոչ զենք ունեին, ոչ դանակ ունեին, իջել էին տան հարցերը լուծելու համար»,-պատմում է Կարեն Վանոյանի մայրը՝  Շուշանիկ Գալստյանը:    Իսկ կալանավորված Հրաչյա Բոյաջյանի կինը՝ Նարինե Ղազարյանն  ավելացնում է՝ ամուսինը ակտիվ է եղել այդ օրը, բայց ոչ մի ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն չի գործադրել.  «Մի քար է  նետել  ոստիկանի ուղղությամբ: Դա էլ այն դեպքում, երբ 4 կողմից ոստիկանները կրակել են»: Բախումներից հետո միայն ոստիկաններն են ճանաչվել  տուժողներ: Հարազատները անհանգստացած են, որ հացադուլը ծանր կանդրադառնա կալանավորվածների առողջության վրա։ Նրանցից շատերն ունեն առողջական խնդիրներ։ Բայց նաեւ չեն բացառում, որ իրենք էլ միանան հարազատների ծայրահեղ քայլին։ «Եթե պետք լինի հացադուլ կանենք, քանի որ եթե ներսում նրանք պետք է դանդաղ մահանան, ապրելու իմաստ չկա»,- նշում է Նարինե Ղազարյանը։ Սարիթաղցիները դժգոհ են նաեւ դատավարության ընթացքից` խախտումների մասին  բազմիցս բարձրաձայնել են, սակայն պատասխան չեն ստացել: