«Ընդվզող հասարակությանը պետք էր ընչազուրկ դարձնել» (տեսանյութ)
Հայաստանի բնակչության 10 տոկոսը կազմող ամենահարուստ խավը 16 անգամ ավելի շատ եկամուտ է ստանում, քան չքավոր խավը. Սա պաշտոնական ցուցանիշ է, սակայն տնտեսագետները վստահ են՝ այս թիվը բավական մեղմ է ներկայացված: «Մենք հիմա ապրում ենք ավազակապետական համակարգում, որտեղ ամբողջ պետական համակարգը սպասարկում է այդ 10 տոկոսին: Մտածված այս համակարգը սկսել է գործել 2003-ի ընտրություններից հետո, երբ հասկացան, որ մարդիկ ընդվզելու ընդունակություն ունեն, իսկ ընդվզող հասարակությանը պետք էր ընչազուրկ դարձնել»,-ասում է «Կոնգրես ՀԺԿ » դաշինքի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը: Իրավիճակն է դրդում, որ անգամ ազատական ուղղվածություն ունեցող կուսակցությունների ծրագրերում սոցիալական բաղադրիչը դառնա գերիշխող։ «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Վիլեն Խաչատրյանն ասում է. «Ենթադրենք ընտանիքում աշխատում է մեկ հոգի եւ ստանում է 100 հազար դրամ, նրան հարկում են նույն մեխանիզմով, ինչով հարկում են այն ընտանիքին, որտեղ աշխատում են 4 հոգի եւ յուրաքանչյուրը ստանում է 200 հազար դրամ: Նման մարդկանց պետք է հարկել այլ մեխանիզմով»։ «Ելք» դաշինքն իշխանության գալու դեպքում նախատեսում են 20 տոկոսով բարձրացնել պետական հիմնարկներում աշխատակիցների աշխատավարձերը եւ թոշակները: Կոմունիստական կուսակցությունում նախատեսում են վարել արդյունաբերական քաղաքականություն, ներքին կոոպերացիան զարգացնել: «Նախատեսում ենք ապահովել ՀՆԱ-ի տարեկան 7-8 տոկոս աճ, որն էլ հնարավորություն կտա սոցիալական ակտիվ քաղաքականություն վարել»: Պատգամավորի թեկնածուները ընդգծում են՝ ստեղծված սոցիալ- տնտեսական իրավիճակում մարդիկ անգամ հիվանդանալուց են սարսափում: Վստահ չեն, որ գրպանի պարունակությունը կբավարարի բուժմանը: Կոմկուսի պատգամավորության թեկնածու Վազգեն Սաֆարյանի խոսքերով, դեղերի վրայից ավելացված արժեքի հարկը պետք է հանել, որպեսզի դեղերի գները նվազեն: ՀՅԴ պատգամավորության թեկնածու Սմբատ Սաիյանի խոսքերով, Առողջապահության ոլորտում պարտադիր ապահովագրական համակարգի ներդրումը անխուսափելի է: Ընդ որում՝ պետությունը պետք է առանձին խավերի ապահովագրական բեռը վերցնի իր վրա: Վերջին տարիներին սոցիալ-տնտեսական իրավիճակի հետեւանքով Հայաստանը լքել է ավելի քան 400 հազար մարդ: Տնտեսագետներն ընդգծում են, աշխարհում շուրջ 120 երկիր կա, որտեղ մարդիկ ավելի լավ են ապրում, քան Հայաստանում: Տնտեսական ծրագրեր կազմելիս եւ իրագործելիս անհրաժեշտ է նպատակ դնել հայտնվել ապահով գոնե 100 երկրների շարքում: