Արթուր Սարգսյանին առաջարկվել է տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց, բայց նա մերժել է. Շարմազանով (տեսանյութ)
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ցավակցությունը հայտնեց «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ: Նա լրագրողներին ասաց. «Մենք բոլորս ցավում ենք, բոլորիս անունից ցավակցություն ենք հայտնում: Ցանկացած հայ մարդու կորուստ մեզ համար ցավալի է»,- ասաց ՀՀԿ խոսնակը: Բացի այդ, Շարմազանովը նաև հայտնեց. «Ինչքանով տիրապետում եմ ինֆորմացիայի, իսկ կարծում եմ, որ այն հնարավորինս մոտ է օբյեկտիվին, Արթուր Սարգսյանի հացադուլի ժամանակ նրա բուժող բժիշկները, շտապ օգնությունը մի քանի անգամ նրան առաջարկել են տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց, բայց նա մերժել է»: ՀՀԿ խոսնակը նշեց, որ տեղյակ է Արթուր Սարգսյանի փաստաբանների հայտարարությանը, որտեղ կասկած է հնչում նրա մահվան պատճառների վերաբերյալ: «Եթե փորձաքննության դեպքում պարզվի, որ անբարեխիղճ գործողություններ են կատարվել, օրենքի խախտում է տեղի ունեցել, առանց վարանելու կարող եմ հայտարարել, որ մեղավորները կպատժվեն»,- ասաց Է. Շարմազանովը: Ինչ վերաբերում է Արթուր Սարգսյանի մահը նախընտրական քարոզարշավի շրջանակներում որոշ քաղաքական ուժերի կողմից օգտագործելուն, ապա ՀՀԿ խոսնակն ասաց, որ անթույլատրելի է դժբախտությունն օգտագործել նախընտրական նպատակներով ու քաղաքական «դիվիդենտներ» շահելու համար: «Սա մարդկային ողբերգություն է, բայց փորձել դիվիդենտներ շահել, ես ճիշտ չեմ համարում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: