Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում են պատասխանել երկու հարցի (տեսանյութ)

Քաղաքականություն
hayel

«Ծառուկյան» դաշինքի  թեկնածու Մանուկ Սուքիասյանը Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան հետ կապված ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում է պատասխանել երկու հարցի. «Ի՞նչ հրատապություն կար երկրորդ անգամ կալանավորել նրան և ինչի՞ն պետք է խանգարեր Արթուրը, եթե շարունակեր մնալ ազատության մեջ: Պահանջում եմ պարզաբանումներ քննչական կոմիտեից, դատախազությունից: Եթե պարզաբանում չկա, նշանակում է՝ նրանք քաղաքական պատվեր են իրականացրել: Արթուրը խղճի զոհ էր, նրա մահը խարան է մնալու մեր պետության ճակատին, քանի դեռ ամեն անգամ մարդուն ձերբակալելիս որևիցե մի քննիչ կշարունակի կատարել քաղաքական պատվեր»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա: «Հայկական Վերածնունդ» կուսակցության թեկնածու Էդգար Առաքելյանն էլ հավելեց, որ Արթուր Սարգսյանի մահվան հետ կապված ամեն ինչ պարզ էր. «Միգուցե հնարավոր կլիներ ավելի շուտ ազատել նրան և ուշադիր լինել բժշկական տեսանկյունից: Ցավում ենք և կարծում ենք, որ հնարավորություն կար, որ Արթուրը չմահանար»: «Ելք» դաշինքի թեկնածու  Գևորգ Գորգիսյանը նշեց, որ մահը չեն դարձնելու պոպուլիզմի թեմա. «Մենք քարոզարշավը չենք դադարեցնի, քանի որ չենք կարող թույլ տալ մեկ օր անգամ հապաղել ՀՀԿ-ի ստեղծած իրավիճակը հանդուրժելու համար: Մենք պայքարելու ենք, որպեսզի այլևս չունենանք նմանատիպ դեպքեր: Պիտի հաղթենք Հանրապետական կուսակցությանը: Քանի  դեռ օրենքը չի գործում մեր երկրում, մեզանից ոչ ոք ապահովագրված չէ նման դեպքերից: Սա պետք է հասցնենք ընտրողին»: