Գերմանիայում պահանջում են Էրդողանին «պերսոնա նոն գրատա» հայտարարել
Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեադեմոկրատական միություն կուսակցության մի շարք ներկայացուցիչներ կոչ են արել Գերմանիայի կառավարությանն արգելել թուրք քաղաքական գործիչների մուտքը երկիր, որոնք Բեռլինի գործողությունները համեմատել էին նացիստական մեթոդների հետ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` Սաքսոնիայի վարչապետ Անխալթ Ռայներ Խազելոֆը հայտարարել է, որ պետական իշխանությունները չպետք է սպասեն համայնքային իշխանությունների որոշմանը և պետք է անհապաղ մերժեն այդ գործիչների մուտքը: Սաքսոնիայի վարչապետը նաև նշել է, որ վերոնշյալ հարցի շուրջ ակնկալում է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի համապատասխան գործողությունները և կանցլեր Անգելա Մերկելի ավելի հստակ ձևակերպումները: Իր հերթին Գեսենի վարչապետ Ֆոլկեր Բուֆյեն պահանջել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Գերմանիայում հայտարարել «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ): «Էլ ինչ պետք է կատարվի, որ մենք վերջապես ասենք, որ բավական է»,- նշել է նա Deutschlandfunk ռադիոկայանին տված հարցազրույցում: Ըստ Բուֆյենի, Թուրքիայի նախագահը անցանկալի հյուր է իրնեց երկրում, իսկ եթե նա ամեն դեպքում գա, պետք է արգելել նրա ելույթները, քանի որ դրանք կարող են սպառնալ Գերմանիայի անվտանգությանը: Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Գերմանիային, որտեղ երկու քաղաքներում թուրք նախարարներին արգելվել է թուրքական սփյուռքի հետ ակցիաներ անցկացնել ապրիլի 16-ի հանրաքվեի համար: Ստամբուլում «Կանանց և ժողովրդավարության» հիմնադրամի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը Գերմանիային մեղադրել է նացիստական մեթոդների կիրառման մեջ։