«Երբ բանտերը լցվում են քաղբանտարկյալներով, ռեժիմի վերջը գալիս է» (տեսանյութ)
Սամվել Բաբայանի ձերբակալությունը քաղաքական նկատառումներ ուներ՝ վստահ են «Ազատամարտիկների դաշինքի» անդամները: Նրանք համոզված են, որ իրենց մարտական ընկեր Սամվել Բաբայանը երբեք չէր կարող իր երկրի համար որեւէ վատ բան անել. «Մարդիկ մեզ վստահում են, եւ մեր դիրքերը թուլացնելու համար նման քայլ արեցին: Սա ոչ միայն Սամվել Բաբայանին է ուղղված, այլեւ ՕՐՕ դաշինքին: Եթե անգամ տեռորիստական ակտ էր պատրաստվում, նրանք կասեցրեցին դա, կարող էին սպասել ու բարձրաձայնել ընտրություններից հետո, բայց իրենց հիմա էր պետք», - ասում է Ազատամարտիկների դաշինքի անդամ Ռազմիկ Պետրոսյանը: «Արաբո» ջոկատի հրամանատար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ռեյտինգային թեկնածու Մանվել Եղիազարյանն էլ կարծում է, որ Սամվել Բաբայանին ձերբակալել են մարդկանց ճնշելու համար. «Հանրապետականը պետք է կեղծի ընտրությունները ու վախի մթնոլորտ ստեղծելու համար պետք է ձերբակալի Արցախի հերոսին: Բաբայանին կալանավորում են, որ ասեն՝ Կուժ քեզ ասեմ, կուլա դու լսիր: Սա զգուշացում է, որ բոլորիդ կալանավորելու եմ: Որ ընտրություններից հետո ոչ ոք փողոց դուրս չգա»: Ազատամարտիկը վստահ է, որ իշխանությունները խուճապի մեջ են . «Երբ բոլոր բանտերը լցվում են քաղբանտարկյալներով, ուրեմն ռեժիմի վերջը եկել է»: «Մենք ուժեղ իշխանություն չունենք, մեր ընդդիմությունն է միշտ թույլ եղել: Իսկ հիմա նրանք տեսել են, որ ընդդիմությունը ուժեղ է, դրա համար էլ ցայտնոտի մեջ են ու տեղի են ունենում այս բոլոր իրադարձությունները»,- հավելում է մեկ այլ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը: Ազատամարտիկները վստահեցնում են, որ Իգլա տեսակի զենքը օգտակար է միայն պատերազմի ժամանակ, թշնամու ուղղաթիռները խոցելու համար. «Ինչի՞ն էր պետք Սամվել Բաբայանին այդ իգլան, պետք չէր, մենք ապշած ենք, պարզապես Սամվել Բաբայանին ուզում էին ձերբակալել, դա դեռ 6 ամիս առաջ էր հայտնի: Նրանք բոլորիս էլ վախեցնում են , բայց մեր վախը մենք արդեն առել ենք պատերազմի ժամանակ: Մեզ էլ չեն վախեցնի»,- ասում է ազատամարտիկ Գագիկ Մելքումյանը: