«Ձեր ձեռքում էդ փողը արդար է, վերցրեք, գնացեք խաբեք սրանց» (տեսանյութ)
Նաիրա Զոհրաբյանն իրավունք չունի ընտրակաշառք վերցնելու կոչ անել ընտրողներին. «Բայց ասում եմ՝ եթե դա ձեր երեխայի վերջին հացի փողն ա, վերցրեք, իրանց ձեռքում էդ փողը արյունոտ ա, անարդար ա, ձեր ձեռքում էդ փողը արդար է, վերցրեք, գնացեք խաբեք սրանց»,- ասում է ինքը՝ Նաիրա Զոհրաբյանը: Գագիկ Ծառուկյանն իր կողքը հավաքել է արժանավոր, թասիբով մարդկանց, քվեարկեք նրանցից ում ուզում եք,-Նոր Նորքի 4-րդ զանգվածի ընտրողներին կոչ է անում տիկին Զոհրաբյանը. «Ժողովուրդ ջան, մեկ էլ իշխանական պրաբիրկաներում աճացրած տարբեր ընդդիմադիր գազեր կան, որոնք հասկացել են, որ իրանց համար ելք արդեն չկա, որոնք տարածում են, որ ընտրություններից հետո «Ծառուկյան» դաշինքը կոալիցիա ա գնալու էս իշխանության հետ»: Դաշինքը ընտրությունների է գնում բացարձակ մեծամասնություն վերցնելու, ոչ մի կոալիցիա Հանրապետականի հետ. «Դա բացառված ա, Հանրապետական կուսակցության հետ ոչ մի կոալիցիա երբեք, որովհետեւ Հանրապետական կուսակցությունը քայքայեց երկիրը»: «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը եւ Նաիրա Զոհրաբյանը Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետականի հետ թիմում աշխատող բազմաթիվ վարչապետերի եւ պաշտպանության նախարարների բազմիցս ասել են՝ այ ընկեր, առաջնագծում գոնե մի պետական պաշտոնյայի զավակ զինծառայողի ցույց տուր. «Թող բռնեն մեկի ականջից, դրանց զավակների, բերեն եւ ցույց տան, որ ծառայող կա: Դրանք ունակ չեն ըտենց բան անելու»: Կառավարությունում բազմաթիվ նախարարներ ունեցած ԲՀԿ ներկայացուցիչը ապավինում է ժողովրդի թարմ հիշողությանը, որպեսզի համոզվի, որ այս անգամ քվեարկելիս մարդիկ չեն սխալվելու. «Դուք կարո՞ղ եք ասել մի նախարար, որ հիշում եք՝ էս 20-25 տարվա ընթացքում, որ լավ նախարար է եղել: -Ոչ»: Ոգեւորված ժողովրդին թերեւս պակասում էր միայն Գագիկ Ծառուկյանի պատվին հնչելիք երգը. «Ձեր մեծ սրտով, Աստծու կամքով, դուք հիմնեցիք Ծառուկյան դաշինք, դուք պարծանքն եք ողջ հայության, դուք մեր Գագիկ Ծառուկյան ջան»: Այս տարածքից մի քիչ ավելի հեռու իր նախընտրական արշավն էր անցկացնում ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը: Այստեղ արդեն իսկական աստղեր էին փառաբանում Հանրապետական թեկնածուին. «Ո՞նց դիմանամ, ոնց դիմանամ, ես քո սիրուց չխենթանամ»: Միհրան Պողոսյանն այստեղ է եկել նորքեցիներին հասկացնելու, որ ինքն է նրանց խնդիրները լուծելու իրական հասցեն. «Ես խնդրում եմ, որ դուք կարողանաք ձեր խնդիրները ուղղեք ճիշտ հասցեով»: