Սամվել Ալեքսանյանը արժանի է Օսկարի, համոզիչ է խաղում. թեկնածու (տեսանյութ)
Եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունն է զբաղվում քեզնով. Կարծում է Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի, ՀՅԴ պատգամավորության թեկնածու Ժասմին Ասրյանը. «Թատրոնն անելիք ունի քաղաքականության մեջ, ինչպես նաեւ մշակույթի մյուս բնագավառները: Թատրոնը թողնել չեմ պատրաստվում, եթե անգամ ընտրվեմ պատգամավոր»,- նշում է դերասանուհին: «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու, դերասան Հրաչյա Հակոբյանը նույնպես կարծում է, որ թատրոնը եւ առհասարակ մշակույթը քաղաքականությունից չի կարելի առանձնացնել. «Մշակութային գործիչներն ասում են մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, բայց երբ մեկնումեկին տալիս են ժողովրդականի կամ վաստակավորի կոչում, սկսում են քննարկել, ասել մշակույթին տեղ չեն տալիս, բայց երբ պետք է ընտրեն այն իշխանությանը, որը պետք է այդ կոչումը տա, ասում են՝ չենք մասնակցում: Չի կարելի այդպես»: Խոսելով քաղաքական գործիչների դերասանական վարպետության մասին՝ Ժասմին Ասրյանը նշեց. «Տարբերությունը միայն տեղն է, բեմի վրա խաղում են դերասանները, կյանքում մյուս բոլորը։ Կան շատ լավ դերասան քաղաքական գործիչներ, շատերն անգամ մեծագույն դերասաններ են, մասնագիտությամբ դերասանից էլ լավն են»: Հրաչյա Հակոբյանը դերասան- քաղաքական գործիչներից առանձնացնում է ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանին: Ըստ նրա՝ պատգամավորության թեկնածուն արժանի է Օսկարի. «Համոզիչ է խաղում Սամվել Ալեքսանյանը, երբ ասում է՝ ես բիզնես չունեմ, փող չունեմ, ես հավատում եմ իրան, շատ լավ է խաղում»: