Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամցխե-Ջավախքը և Քվեմո Քարթլին՝ հօգուտ ՀՅԴ-ի

Քաղաքականություն
1380861766_images

Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը, հետևելով նախընտրական շրջաններում վրաստանյան և ՀՀ քաղաքական ուժերի հետ հանդիպումներ նախաձեռնելու և ջավախահայության խնդիրներն այդ քաղաքական ուժերի հետ քննարկելու, վերջիններիս դիրքորոշումները մի շարք հարցերում առավել հստակեցնելու ավանդույթին, օրերս Երևանում հանդիպումներ ունեցավ ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած թվով 9 կուսակցություններից և դաշինքներից 8-ի հետ.նշենք, որ հանդիպում չի կայացել միայն «Ծառուկյան դաշինք» քաղաքական ուժի հետ։ Նաև՝ Խորհրդի անդամները առանձնազրույց են ունեցել ծնունդով ջավախքցի պատգամավորության թեկնածուներ Տաճատ Վարդապետյանի,  Շիրակ Թորոսյանի  և Վարդան Այվազյանի հետ: Հանդիպումներում Խորհրդի ներկայացուցիչները հանգամանալից կերպով ներկայացրել են ջավախահայությանը հուզող բազմաթիվ հիմնահարցերից ամենա առանցքայինները, լսել այդ հիմնահարցերի լուծման վերաբերյալ քաղաքական ուժերի տեսակետներն ու առաջարկները, ինչպես  և  ծանոթացել բոլորի ծրագրային դրույթների հետ: Ելնելով հանդիպումներում հնչած կարծիքներից, առաջարկներից, ինչպես նաև քաղաքական ուժերի ծրագրային դրույթներից՝ Խորհուրդն արձանագրում է, որ ՀՀ խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացրած 9 քաղաքական ուժերից միայն մեկի՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) ներկայացրած ծրագրերում է ներառված Ջավախքի մասին դրույթ: ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Խորհրդի անդամները գոհունակությամբ փաստել են  նաև, որ ՀՅԴ խորհրդարանական ֆրակցիան հաշվետու շրջանում հանդիպումներ է նախաձեռնել Վրաստանի խորհրդարանական ուժերի հետ, որոնց ընթացքում ևս բարձրաձայնվել և քննարկվել են ջավախահայության առջև ծառացած մի շարք խնդիրներ: Վերոնշյալ հանգամանքներից ելնելով՝ Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը կոչ է անում ՀՀ-ում բնակվող ջավախահայ իր հայրենակիցներին՝ ապրիլի 2-ին  կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրություններին քվեարկել Հայ Յեղափոխական Դաշնակցության  օգտին: Միաժամանակ՝ Խորհուրդն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր այն քաղաքական ուժերին և անհատներին, ովքեր սիրով ընդունեցին հանդիպման առաջարկը և քննարկեցին ջավախքաբնակ իրենց հայրենակիցների խնդիրները:   Սամցխե-Ջավախքի  և  Քվեմո Քարթլիի Հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդ 27 մարտի,  2017 թ. ք. Ախալքալաք