«Թող այս ջահելներին չտանեն առաջին գիծ». հարազատները՝ Եռաբլուրում (տեսանյութ)
Ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված զինվորների ծնողներն ու հարազատները այսօր այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Նրանք ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին իրենց որդիների շիրիմներին և խնկարկեցին նրանց հիշատակը։ Հարազատների վիշտը կիսելու և իրենց հարգանքի տուրքն էին եկել մատուցելու նաև բազմաթիվ քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ, ինչպես նաև հերոսների զինակից ընկերները, իսկ Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների կողմից տեղում մատուցվել է հոգեհանգստի կարգ: «Ա1+»-ի հետ զրույցում ապրիլյան պատերազմում զոհված զինվոր Բագրատ Ալեքսանյանի բարեկամուհին ասաց, որ Բագրատը իր ծնողների հպարտությունն էր և կյանքի իմաստ, բայց հիմա իրենց հպարտությունը Բագրատի հերոսացած հուշաքարն է։ «Աստված տա, որ Հայաստան աշխարհում պատերազմ չլինի, եթե լինի էլ, թող այս ջահելներին չտանեն առաջին գիծ, փորձված մարդիկ գնան կռվի։ Մեզ պետք չէր հերոս տղա, մեզ պետք էր, որ մեր Բագրատը կենդանի վերադառնար իր հոր մոտ»,- ասաց նա։ Վշտացած կինը հայտնեց, որ իրենց տղային մնացել էր 110 օր՝ զորացրվելու, և դա պետական մակարդակի սխալ է՝ զորացրվողներին տանել առաջին գիծ։ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն իր հերթին ասաց, որ Եռաբլուր զոհված տղաների շիրիմների առաջ խոնարհվելը յուրաքանչուր հայի պարտքն է. «Այսօր մենք պետք է ամեն ինչ անենք, որ երկարատև խաղաղության երաշխիքներ ստեղծենք, բայց մենք գործ ունենք այնպիսի հարևանների հետ, որ դրան դժվար է արագ հասնել։ Մենք միշտ պետք է գանք այստեղ հավաքվենք իմ ենթակաների՝ զինվորների հրամանատարների հիշատակի համար, որոնք մեզ համար թեկուզ փխրուն, բայց խաղաղություն ապահովեցին»,- ասաց Սեյրան Օհանյանը։