Չգիտեմ՝ Լեւոն Բարսեղյանի հետ ինչ է կատարվում. Շարմազանով (տեսանյութ)
Այսօր հարգանքի, համերաշխության օր է, անցյալից դասեր քաղելու օր է. իր մամուլի ասուլիսը սկսելուց առաջ հայտարարեց ՀՀԿ պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովը՝ առաջարկելով հարգանքի տուրք մատուցել ապրիլյան հերոսամարտի ժամանակ զոհված տղաներին: Անցնելով ընտրական գործընթացին՝ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ի դիտարկմամբ քվեարկության գործընթացն ընթանում է բնականոն հունով. «Ես նաեւ կապ եմ հաստատել միջազգային դիտորդների հետ, նրանք միաբերան պնդում են, որ այն մեխանիզմը, որ ներդրվել է ՀՀ-ում ընտրական օրենսգրքի ընդունումից հետո, հնարավորություն է տալիս նախկինում եղած այն չարաշահումներն ու խնդիրներին, որոնք ստվեր են գցել ընտրական գործընթացի վրա, այսօր հիմնականում չկան»: Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ բոլոր ահազանգերն արձագանք են ունենում իրավապահ մարմինների կողմից, բայց նա հավելում է, որ պարզվել են, թե ահազանգերի մի մեծ տոկոսը պարզապես ահազանգեր են, առանց պատճառի, որոնց նպատակն է ստվեր գցել ընտրական պրոցեսի վրա: Անդրադառնալով լրագրողի վրա հարձակմանը նա նշեց. «Գործը քննության մեջ է, այն այլեւս իրավական տիրույթում է: Լրագրողի մասնագիտական աշխատանքի ցանկացած խոչընդոտ անթույլատրելի է, անկախ նրանից, թե ով է արել դա»: Հարցին, թե ինչ կասի ՀՀԿ-ն Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի հայտարարության մասին, թե որոշ ընտրատեղամասերում ընտրախցիկների մոտ տեսախցիկներ կան, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Չգիտեմ Լեւոն Բարսեղյանի հետ ինչ է կատարվում այսօր, առավոտյան իր բնակության հասցեն էր շփոթել, խնդրում եմ նրան ավելի աչալուրջ լինել, իսկ մյուսներին խնդրում եմ այդքան ուշադրություն չդարձնել նրան»: