Բաց քվեարկության 52 դեպք՝ ժամը 12։00-16։00
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները ժամը 12։00-ից 16:00-ի դրությամբ արձանագրել են քվեարկության ընթացքի և ընդհանուր բնույթի 365 խախտում, որոնք ստուգման փուլում են: Մասնավորապես արձանագրվել են հետևյալ խախտումները. 52 տեղամասում բաց քվեարկություն (ընտրողը քվեարկում է քվեախցիկից դուրս, բացահայտում է քվեարկության արդյունքը որևէ անձի, լուսանկարում է քվեարկած քվեաթերթիկը), 36 տեղամասում ընտրողների ուղեկցման դեպքեր, 31 տեղամասում ուղղորդում/հուշում, 25 տեղամասում վերահսկվող քվեարկություն, այդ թվում՝ մեկից ավելի անձանց քվեախուց մտնելու դեպքեր՝ բացառությամբ օգնելու դեպքերի, 23 տեղամասում քվեաթերթիկների (այդ թվում՝ չօգտագործված) դուրս հանում/ներս բերում, 19 տեղամասում կրկնաքվեարկության փորձ, 18 տեղամասում ընտրողի անվան բացակայություն, 16 տեղամասում օգնելու իրավունք չունեցող անձն օգնել է ընտրողին քվեարկել, 14 տեղամասում օգնող անձի տվյալները չեն գրանցվել գրանցամատյանում, 12 տեղամասում օրվա ընթացքում հանձնաժողովի անդամների վիճակահանությամբ սահմանված գործողությունների հերթափոխի խախտում, 8 տեղամասում տեխնիկական սարքում անձը հաստատող փաստաթղթի տվյալների և սարքի տվյալների միջև առկա անհամապատասխանություն, 8 տեղամասում ընտրողի անվան դիմաց այլ անձի ստորագրություն, 8 տեղամասում նույն անձը օգնել է մեկից ավելի ընտրողի քվեարկել, 7 տեղամասում այլ անձի փոխարեն գրանցում՝ ուրիշի անձը հաստատող փաստաթղթով գրանցում/քվեարկության կամ փորձ, 7 տեղամասում ընտրողին զրկել են քվեարկելու իրավունքից (բացառությամբ քվեարկության կտրոն չներկայացնելու դեպքերի), 4 տեղամասում այլ անձի փոխարեն ընտրողների ցուցակում ստորագրում կամ դրա փորձ, 77 տեղամասում այլ խախտումներ (հյուրասիրություն կուսակցության/դաշինքի կամ թեկնածուի անունից և այլն): Խախտումների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կներկայացնենք ժամը 22։00-ի ասուլիսի ընթացքում, որը տեղի կունենա «Մարիոթ» հյուրանոցի «Արարատ II» սրահում։ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների կողմից ընտրատեղամասային գրանցամատյանում արձանագրվել է քվեարկության նախապատրաստման, քվեարկության ընթացքի և ընդհանուր բնույթի խախտումների վերաբերյալ 169 դիտարկում: Նախաձեռնության ընտրախախտումների քարտեզը պատկերում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի և Հայաստանի հելսինկյան կոմիտեի դիտորդական առաքելությունների կողմից ներկայացված խախտումները: Դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ու Թբիլիսիում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան համաֆինանսավորմամբ իրականացվող «2017 թ․ խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում: «Ա1+»-ի տեսանյութը կուտակումների մասին՝ ստորև