Զավեշտալի դեպքեր 9/46 ընտրատեղամասում (տեսանյութ)
Ժուռնալիստների միությունում տեղակայված թիվ 9/46 ընտրատեղամասում զավեշտալի դեպքերի պակաս չեղավ: Ընտրողների մեծ մասն ուղղակի չէր կարողանում կողմնորոշվել՝ ինչպես քվեարկել: Հանձնաժողովի քարտուղար Արայիկ Ստեփանյանը ջանք չէր խնայում բացատրելու՝ ինչն ինչպես պետք է անել, սակայն միեւնույնն է՝ սխալներից, բացթողումներից հնարավոր չեղավ խուսափել: Նախ՝ փոքր տեղամասում մարդկանց հոսքն այնքան մեծ էր, որ մի պահ անգամ դժվարացավ կանոնակարգելը: Ապա մի կին խնդրեց, որ իր որդին՝ որպես օգնող ձեւակերպվի, քանի որ իր ինքնազգացողությունը վատ է: Սակայն մինչ մտնելը քվեախցիկ նա համառորեն հայտարարում էր, թե «Ելք»-ին է ուզում ընտրել: Օգնողի կարիք ունեցող եւս մի ընտրող քվեախցիկ մտավ տիկնոջ հետ, սակայն այնտեղից դուրս եկան երկու ծրարով: Պարզվեց՝ օգնողը, որը ըստ կարգի՝ պետք է արդեն ընտրած լիներ, իր ընտրությունը կատարել էր տիկնոջ հետ միասին: Այս հանգամանքը ֆիքսեցին վստահված անձինք: Առաջացավ վեճ: Արդյունքում տղամարդ ընտրողը բարկացավ, պատռեց իր ծրարը ու տիկնոջ հետ՝ առանց ընտրություն կատարելու, դուրս եկան ընտրատեղամասից: Շատ ընտրողներ քվեախցիկից դուրս էին գալիս եւ հետո միայն քվեաթերթիկը դնում ծրարի մեջ: Եղան նաեւ դեպքեր, երբ հանձնաժողովի անդամների պահանջով ընտրողը նորից էր վերադառնում քվեախցիկ, քանի որ քվեաթերթիկը ծալած էր դրել ծրարի մեջ: Մի ընտրողի դեպքում էլեկտրոնային սարքը սկզբում մատնահետքը չէր ֆիքսել, իսկ ապա՝ տպեց միանգամից 7 հատ: Այս մասին կազմվեց արձանագրություն: Այս ընթացքում հանձնաժողովի նախագահը մոտեցավ ոստիկանին՝ ասելով, որ ընտրատեղամասի հենց դռան մոտ կանգնած են մի խումբ տղամարդիկ, խնդրեց նրանց հեռացնել դռան մոտից: Մի երիտասարդ, որը ներկայանում էր որպես դիտորդ, վիճաբանության մեջ մտավ նախ հանձնաժողովի նախագահի, ապա՝ «Ա1+»-ի լրագրողի հետ՝ փորձելով խոչընդոտել լրագրողի աշխատանքը՝ միջամտելով, անհարկի ռեպլիկներ անելով: Նրա այդ ոչ պատշաճ պահվածքը տեղի էր ունենում ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ, որոնք որեւէ կերպ չմիջամտեցին: Այս երիտասարդի բեյջի վրա գրված էր «Ազատ հասարակության ինստիտուտ» կառույցից Դավիթ Մելքոնյան: Ի դեպ, նա եւ եւս մի քանի դիտորդ ներկայացած անձինք իրենց բեյջը կախեցին այն ժամանակ, երբ նման կոչով նրանց դիմեց հանձնաժողովի քարտուղարը: Դավիթ Մելքոնյանը նաեւ ակտիվորեն միջամտում էր հանձնաժողովի անդամների աշխատանքին, ցուցումներ տալիս ընտրողներին: Այս ընտրատեղամասում ընտրողներից մեկի խոսքով՝ այս երիտասարդը իրենց թաղամասից է ու բոլոր ընտրություններին իրեն նույն կերպ է դրսեւորում: Երբ մեր նկարահանող խումբը հեռանում էր ընտրատեղամասից, Դավիթ Մելքոնյանը եւ եւս մի քանի անձինք, որոնք ընտրության ողջ ընթացքում կանգնած էին ընտրատեղամասի դռան մոտ, սկսեցին ծամածռվել՝ վերջում ծաղրական ելեւէջներով բղավելով. «Սասնա ծռեր»: